• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ

 

Մկրտությունը և Դրոշմը Հիսուս Քրիստոսի կողմից հաստատված աստվածային խորհուրդներ են մի ընդհանուր ծեսի, որ ժողովրդական լեզվով «Կնունք» ենք անվանում: Հայ Առաքելական Եկեղեցին Մկրտության և Դրոշմի խորհուրդները կատարում է համաձայն Սուրբ Գրքի` հաստատված եռամեծ սուրբ հայրերի կողմից: «Մկրտվել» նշանակում է լվացվել, մաքրվել: Մկրտության խորհրդի ժամանակ ջրի մեջ  ընկղմումը կամ նրանով լվացումը խորհրդանշում է մկրտվողի մաքրվելն իր մեղքերից: Մկրտության խորհրդի նախօրինակ է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի կողմից: Ինչպես բոլոր խորհուրդները, այդպես էլ մկրտությունը կատարողը Սուրբ Հոգին է հոգևորականի միջնորդությամբ: Այսպիսով՝ ըստ առաքելավանդ ուսմունքի, մկրտությունը կատարվում է ջրով և Սուրբ Հոգով, որի տեսանելի ներկայությունն ապահովվում է մկրտության ջրի մեջ հեղվող Ս. Մեռոնով: Հայոց Եկեղեցում Մկրտության խորհուրդը կատարվում է Սուրբ Երրորդության  անունով՝ ըստ Քրիստոսի հրամանի«Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»(Մատթ. 28:19) և քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, որպես Քրիստոսի առաքյալների իրավահաջորդի, որոնց էլ Քրիստոսը հրամայեց մկրտել: Հարկ է, որ չափահաս մկրտվողը այս խորհրդին մոտենա ինքնաքննությամբ և ապաշխարությամբ, քանի որ պատրաստվում է հոգևոր ծնունդ առնել որպես Քրիստոսով նոր մարդ: Այս պատճառով Մկրտության խորհրդի արարողության սկզբում քահանան մկրտվողին հրաժարեցնում է սատանայից, և նրա բոլոր խաբեություններից, այսինքն` մեղքից, որից լվացվելու է մկրտության  սուրբ ավազանի մեջ: Այնուհետև, լսելով նրա հավատքի ուղղափառ հայտարարությունը և մկրտվելու ցանկության հավաստիացումը, եթե մկրտվողը մանուկ է, նրան եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանի ջրի մեջ երեք անգամ ընկղմում է, իսկ եթե չափահաս է, երեք անգամ ջուր է վրան հեղում՝ արտասանելով Հայոց Եկեղեցու մկրտության բանաձևը. «Աստծո ծառան երախայությունից եկել է մկրտության: Մկրտվում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Քրիստոսի արյամբ գնված լինելով մեղքի ծառայությունից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար»:

Դրոշմի խորհրդի  կատարումը

Հայոց Եկեղեցում Դրոշմի խորհուրդը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո քահանայական կարգ ունեցող հոգևորականի միջոցով, ով Քրիստոսի անունով, սրբալույս Մեռոնով օծելով, դրոշմում (կնքում) էմկրտվածի մարմնի տասներեք մասերը՝

1.ճակատը, որպես երկնային անապական պարգևների կնիք,

2.աչքերը՝ հոգևոր Լույսով լուսավորվելու և հավիտենական կյանք ստանալու համար,

3.ականջները՝ Աստծո պատվիրանները և դեպի երկնքի արքայություն երանավետ կանչի ձայնը    

  լսելու համար,

4.հոտոտելիքը՝ այս կյանքում հանդերձյալ հավիտենական կյանքի անուշաբույրն առնելու համար,

5.բերանը՝ շուրթերի վրա ամուր դուռ ունենալու համար,

6.ձեռքերը` առաքինագործ և բարերար լինելու համար,

7.սիրտը՝ նորոգված հոգի և սուրբ սիրտ ունենալու համար,

8.թիկունքը՝ որպես ամուր վահան, չարի թունավոր նետերից պաշտպանվելու համար,

9. ոտքերը՝դեպի հավիտենական կյանք անսասան գնալու համար:

 

Կրկնամկրտության  արգելքը

Հայոց Եկեղեցին արգելում է Մկրտության խորհրդի կրկնումը, քանի որ այն վերստին (հոգևոր) ծնունդ լինելով՝ մարմնավոր ծնունդի պես մեկ անգամ է կատարվում: Ավետարանը և Հավատքի հանգանակը նույնպես հայտարարում են, որ մկրտությունը մեկն է: Ուստի, տարբեր աղանդների կողմից խաբեությամբ կատարվող կրկնամկրտությունը թե՛ մեղք է, թե՛ հակասում է Սուրբ Գրքին: Աղանդավորների կատարած մկրտությունն անվավեր է, քանի որ չի կատարվում առաքյալների իրավահաջորդի՝ քահանայի ձեռքով, և առաքելական ավանդության համաձայն չէ:

Մկրտվելու ցանկության  հավաստիացումը

Մկրտվել ցանկացողը կամ մանկան պարագայում, կնքահայրը, պետք է քահանային հավաստիացնեն, որ իրենք կամավորաբար են եկել մկրտության և նրա հարցին, թե՝ «Ի՞նչ է խնդրում երախան (մկրտվողը)», պետք է երեք անգամ պատասխանեն. «Հավատ, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել չարից և նրա կապանքներից և ծառայել Աստծուն»:

 

Չափահասների   մկրտությունը

Չափահասները մկրտվում և դրոշմվում են իրենց ունեցած հավատքի հիման վրա: Այդ պատճառով չափահաս  մկրտվողները պետք է ծանոթ լինեն հավատքի հիմնական սկզբունքներին և ամբողջ սրտով հավատան և հետամուտ լինեն դրանց կատարմանը:

 

Մանկան մկրտությունը

Հայոց Եկեղեցին բացի չափահասներից, մկրտում և դրոշմում է քրիստոնյաների մանուկներին: Այս պարագայում ծիսակատարությունը կայանում է ծնողների և կնքահոր հավատքի հիման վրա: Մեր Եկեղեցում երեխաներին սովորաբար մկրտում էին 8 օրական հասակում՝ որպես օրինակ ունենալով մանուկ Հիսուսի 8 օրական թլփատությունը և անվանակոչությունը, որով հրեաները դառնում էին Աստծո ժողովուրդ: Մենք մկրտում ենք մանուկներին նաև այն պատճառով, որ նրանց հնարավորություն տանք, կնքահոր և ծնողների մատուցած հոգևոր դաստիարակությամբ, մասնակցելու Եկեղեցու խորհուրդներին և ապրելու Եկեղեցու կյանքով, քանի որ չմկրտված անձնավորությունը չի կարող մասնակցել Եկեղեցու խորհուրդներին, և մանկանը չմկրտելով՝ մենք նրան զրկում ենք Եկեղեցու շնորհաբեր կյանքին մասնակցությունից` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնի և Արյան հաղորդությունից:

Մկրտության      վայրը

Մկրտության վայրը եկեղեցին է (տաճարը): Մկրտությունը կատարվում է միայն եկեղեցու վիմակերտ սուրբ ավազանում: Սակայն լինում են դեպքեր, երբ մկրտությունը կատարվում է եկեղեցուց դուրս՝ տանը, հիվանդանոցում, երբ մկրտվողը հիվանդ է, մահամերձ է կամ նման իրավիճակներում լինելու պատճառով չի կարող գնալ եկեղեցի:

 

Կնքահայրը և  ծնողները

Մանկան մկրտության ժամանակ մեծ դեր ունեն կնքահայրն ու ծնողները, որովհետև նրանք մկրտվող մանկան հավատքի թարգմաններն ու ապագա քրիստոնեական դաստիարակության երաշխավորներն են: Այդ պատճառով հարկ է, որ նրանք լինեն օրինակելի հավատացյալներ և մկրտությունից հետո հետևեն մանկան քրիստոնեական դաստիարակությանը: Կնքահայրը նաև չի կարող անչափահաս և անհավատ լինել, քանի որ նա է կոչված՝ լինելու մկրտվող մանկան գլխավոր հոգևոր դաստիարակը:

Ծանոթացնելով ձեզ Մկրտության և Դրոշմի խորհուրդների կարևորությանը՝ Քրիստոսի սիրով հորդորումենք՝

1.հավատքով նախապատրաստված ներկայանալ մկրտության,

2.Եթե մկրտվողը չափահաս է, պետք է մկրտության օրը ծոմ պահի` ոչինչ չուտի, քանի որ Ս. Հաղորդություն պետք է ստանա: Պետք է ներկայանա մաքուր մարմնով (լոգանք ընդունած, կանայք և աղջիկները ամսեկանի մեջ չլինեն), գլխաշորով, բացառությամբ, եթե մկրտվողը հիվանդ է կամ նորածին:

3.խոնարհումով և երկյուղած զգաստությամբ պատվել եկեղեցում Աստծո ներկայությունը,

4.եկեղեցի մտնել պարկեշտ հագուստներով և հրաժարվել անվայելուչ հանդերձներից,

5.խորհրդակատարությունից հետո տրվող ճաշկերույթը չվերածել աշխարհային գինարբուքի,

6.նոր մկրտվածին զերծ պահել անհարկի քաշքշուկից և թույլ տալ, որ Աստծո շնորհած խաղաղությունը վայելի,

7.Մկրտության և Դրոշմի երկնառաք պարգևներից երբևէ չզրկվելու համար` միշտ հավատարիմ մնալ Աստծո հետ կնքած ուխտին` կիրակի մասնակցել Սուրբ Պատարագին և ճաշակել Տիրոջ, Հիսուս Քրիստոսի Մարմնի և Արյան հաղորդությունը:

Ի՞նչէանհրաժեշտբերելմկրտությանհամար

ա)խաչ ու նարոտ (կարմիր ևս պիտակ թելերից միահյուսված դերձան՝ խաչի «շղթան»),

բ)չգործածված մաքուր սրբիչ` ըստ մկրտվողների թվի,

գ)երկու մեծ մոմ:

 

                                                   ԱՂՈԹՔ

Մկրտությունից հետո մկրտվողին Մյուռոնից պետք է հանել երրորդ օրը: Կնքահայրը պետք է ջրով լվանա իր սանի մարմնի այն մասերը, որոնք Սուրբ Մյուռոնով օծվել են: Ցանկալի է, որ այդ ջուրը թափվի ծառի կամ ծաղիկների տակ: Աստված, որ մեծ ես, մշտնջենավոր և բոլոր գաղտնիքներին գիտակ. որ սուրբ ես և բնակվում ես սուրբերի մեջ, փրկի՛չ բոլոր մարդկանց, որ Քո գիտությունը շնորհում ես Քոհավատացյալներին և իշխանություն տվեցիր Աստծո որդիներ լինելու Հոգու և ջրի վերստին ծննդյան միջոցով, որով և..............ին նորացրիր Քո ավազանի մաքրությամբ, սո՛ւրբ արա նրան Քո ճշմարտությամբ, լցրո՛ւ Սուրբ Հոգուդ շնորհներով, որպեսզի Քո սուրբ անվան բնակության տաճար լինի, կարողանա գնալ արդարության բոլոր ճանապարհներով և համարձակությամբ ու աչալրջությամբ կանգնել Քո Միածնի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի բեմի առաջ, Ում  հետ Քեզ` ամենակալ Հորդ և կենդանարար և ազատարար Սուրբ Հոգուդ  վայել են փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն:

 

                                                                                               Ըստ` qahana.am-ի