Արցախ աշխարհը հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ և հիասքանչ վայրերից մեկն է` հարուստ զմրուխտ անտառներով և երկնառաք վսեմ լեռներով: Արցախում են գտնվում մեր ճարտարապետական հրաշք կոթողները, վանքերն ու եկեղեցիները, ամրոցները, որոնք պատկանում են տարբեր դարաշրջանների` վաղ միջնադարից սկսած: Արցախում կան բազում պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից շատերն իրավամբ հայ ճարտարապետության գլուխգործոցներից են:
Հայ ճարտարապետության գլուխգործոցներից է Գանձասարի վանքը, որը գտնվում է Մարտակերտի շրջանի, Վանք գյուղի դիմացի բլրին և իր անունը ստացել հենց այդ բլրից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր: Գանձասարի վանքի համալիրը բաղկացած է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, գավթից, սեղանատնից և դպրոցի շենքից: 17-րդ դարում վանքի շուրջը կառուցվել են պարիսպներ, հաջորդ դարում` նրանց կից բնակելի խցերը: Վանքը դասվում է խաչաձև գմբեթավոր եկեղեցիների տիպին: Իր ճարտարապետական լուծումների վարպետության, արտաքին և ներքին հարուստ հարդարանքի և հատկապես գմբեթի արտակարգ գրավիչ տեսքի շնորհիվ` եկեղեցին բացառիկ տեղ է գրավում հայ միջնադարյան ճարտարապետության հուշարձանների շարքում: Վանքը եղել է Արցախի հոգևոր կենտրոն, որտեղ հաստատվել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը: Վանքը ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց: 18-րդ դարց սկսած Գանձասարը դարձել է ազատագրական շարժումների կենտրոն, որի շուրջը համախմբվել են Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները` կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ: Գանձասարի կաթողիկոսությունը վերացել է 19-րդ դարի սկզբին:
Ճարտարապետական գլխգործոցներց է նաև Դադի կամ Խութա վանքը, որը նույնպես գտնվում է Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի ափին: Ըստ ավանդության վանքը հիմնադրվել է առաջին դարում նահատակված Թադեոս առաքյալի աշակերտներց` Դադիի կամ Դադոյի գերեզմանի վայրում: Վանքը 12-րդ դ. ավերվել է սելջուկների կողմից և ապա վերականգնվել 13-րդ դարում: Վանքի գլխավոր եկեղեցին, որը դասվում է խաչաձև գմբեթավոր սրահների տիպին Կաթողիկեն է` կառուցված 1214 թվականին: Եկեղեցին զարդարված է քանդակներով և որմնանկարներով: Կաթողիկեին կից գտնվում են զանգակատունն ու երկրոդ եկեղեցին, հյուսիսային կողմում երրորդ եկեղեցին, որը միանավ է, իսկ հարավային կողմում չորրոդ` գմբեթավոր դահլիճների տիպին պատկանող եկեղեցին: Դադիվանքը հանդիսացել է հոգևոր մշակութային խոշոր կենտրոններից: