Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի կենտրոնում: Այն մատենագրության մեջ հիշվում է 5-րդ դարից: Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրությունների` 7-րդ դարում կառուցել է Գրիգորաս վանականը: Ճարտարապետն է Հովհանը: Սակայն, նկատի ունենալով եկեղեցու ճարտարապետական խիստ հնավանդ ձևերը, ըստ Ա. Երեմյանի` եկեղեցին 5-րդ դարում կառուցվել է և 7-րդ դարում վերակառուցվել:
Եկեղեցին կառուցել են իբրև դպրության օջախ` «գրչաց դպրոց» ու ճգնարան: Հովհաննես Օձնեցի մեծ գիտնականն ու գրողը Մաստարայի դպրոցն է ավարտել: Այս դպրոցը գործել է 1300 տարի շարունակ: 1883-ին դպրոցը տակավին վանքի մեջ էր:
Աղբյուր` http://www.armcamping.com/2010/09/mastarajisbhovhannes/