• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կատարում եմ հարգելի Վալերիին տված խոստումս

Այս անգամ կփորձեմ դավաճանել ինքս ինձ: Չեմ գրի տարատեսակ զեղումներով և ակնարկներով: «Ասպետ» ճամբարի բացման օրը, ճաշարանում տեղի ունեցած զրույցի ժամանակ, ԼՂՀ ԿԳՆ ներկայացուցիչ հարգարժան Վալերին խնդրեց ճամբարից հետո ներկայացնել իմ դիտարկումները, բացասական առումով (ասել է, թե սրտից խոսես, երևի չգիտեր, որ միշտ եմ այդպես անում):

Հաշվետվության նախաբանի մեջ նշել էի՝ որոշ սովորողներ հաճելիորեն զարմացրեցին ինձ։ Սովորողների մասով այսքանը. թող իրենք ներկայացնեն իրենց տպավորությունները, գուշակություն անելն անշնորհակալ գործ է: Ներկայացնեմ իմ դիտարկումները՝ կապված ճամբարի հետ: Իմ կարծիքով, հայաստանյան առաջին մասնակցությունը ճամբարին կայացավ լիարժեքորեն: Կրթահամալիրի ներգրավածությունն արդարացված էր: Ճամբարին մասնակից սովորողների մեծ մասն իրեն արդարացրեց, չնայած որ զգացվում էր ֆիզիկական ու ֆունկցիոնալ պատրաստվածության թերացում:

Ճամբարի դրական կողմերը.

Ա. Ճամբարի վայրն ընտրված է շատ լավ՝ գեղեցիկ բնություն, գետ, ոչ խիստ կլիմա:

Բ. Ճամբարականների առօրյան հագեցած է. մարզական միջոցառումներ, զինվորական գործի նախապատրաստական աշխատանքներ, խաղեր և այլն:

Գ. Ճամբարի պետի ընտրությունն արդարացված է. Արսեն Հարությունյանը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին:

Դ. Հայրենագիտական ճամփորդությունների առկայություն, որոնք շատ գրավիչ էին դարձնում ճամբարային առօրյան և հնարավորություն էին տալիս սովորողներին իրականում ճանաչել Արցախ աշխարհը: Այս մասով հաստատապես կարող եմ ասել՝ սովորողները իրավամբ տպավորված էին (Տիգրանակերտ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Շուշի, Ամարասի վանք, Գանձասար):

Իրողություններ, որոնց լրացումները ճամբարը կդարձնեն ավելի գրավիչ.

Ա. Սանհանգույցների կարգավորում, տարրական հիգենիկ վիճակի ապահովում:

Բ. Լողասենյակի կարգի բերում(ութ ցնցուղից գործում էր երկուսը, այն էլ ոչ լիարժեք, համապատասխան սարքավորումների առկայության դեպքում կարող են բոլորն էլ գործել):

Գ. ՆՆջասենյակները խիստ հագեցած են, չեն համապատասխանում ՄԱԿ-ի և Եվրոխորհուրդի սահմանած չափանիշներին(մեկ մարդուն հատկացվող տարածքը պետք է կազմի չորս քառակուսի մետր)

Դ. Հնարավորության դեպքում կարելի է կառուցել լողավազան, իսկ ճամբարի հարակից անտառի բացատային մասում փոքրիկ ֆուտբոլի դաշտ:

Ե. Որոշ սովորողներ ռազմական բառն ուղղակի էին հասկացել և կարծում էին, թե իրենք բանակում են, այլ ոչ թե ճամբարում(խոսքը կրթահամալիրի սովորողների մասին չէ):

Ճամբարի աշխատանքներին կրթահամալիրը ներկայացավ 52 սովորողով և երեք ղեկավարով, ընդհանուր մարտական հաշվարկով մեկ վաշտ՝ երկու դասակ: Ունեցանք լավագույն ճամբարական, ի դեմս Արտավազդ Սողոմոնյանի, յուրաքանչյուր դասակից երեք մասնակից ստացան շնորհակալական պատվոգիր, մեկ մրցաշարում՝ փենբոլի առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը: Կրթահամալիրի բոլոր սովորողները վերադարձան իրենց ընտանիքներ ամբողջական, առանց վնասվածքների և առողջական խնդիրների: 

Հ. Գ.

Որոշել էի ճամբարից հետո տաքսի ծառայությունում աշխատել հեռախոսավար (միջինը մեկ օրում ստանում էի  78 զանգ): Ինձ համար որոշ չափով հասկանալի էր ծնողների հետևողականությունը, սակայն անհասկանալի է, երբ մեկ սովորողին մեկ օրվա ընթացքում զանգահարում են նախ տատիկը, այնուհետ մայրիկը, մեկ ժամ հետո հայրիկը, երեկոյան քեռու որդին, իսկ քնելուց առաջ մորաքրոջ ամուսինը: Այս առթիվ շատ լավ արտահայտվել է Յարոսլավ Հաշեկը՝ քաջարի զինվոր Շվեյկի շուրթերով: