Սովորողի ուսումնական գործունեության արդյունքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են սովորողի, դասավանդողի էլեկտրոնային փոստի պահոցներում, նյութերի հրապարակման սոցիալական ցանցերում (youtube. com, twitter.com, slideshare.net և այլն): Դրանք ներկայացվում են դասարանի, ուսուցողական ծրագրի, ուսումնական կենտրոնի, ծնողական հավաքների ժամանակ: Ուսումնական կենտրոնի համաձայնությամբ դրանք տեղադրվում են կրթահամալիրի կաքի համապատասխան էջում:
Յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 15.00-16.00, Մայր դպրոցում` Մարմարյա սրահում, կազմակերպվում է տեսանյութերի (ֆիլմ, հոլովակ և այլն) ներկայացում և սովորողների երաժշտական խմբերի ելույթ: Սրան մասնակցում են կրթահամալիրի բոլոր դասավանդողները, մասնաճյուղերի ղեկավարները, սովորողներ, ծնողներ: Մասնակիցները ցուցադրության ընթացքում չեն կարող հեռանալ սրահից: Ցուցադրման համար առաջարկվող նյութերը մինչև այդ շաբաթվա հինգշաբթի օրը` ժամը 16.00, ներկայացվում են կրթահամալիրի տնօրենի որոշած արվեստագետ-տեխնոլոգ մասնագետներին և նրանց համաձայնությամբ տրվում ցուցադրության պատասխանատու սովորողին: Նյութերն ընդունվում, գրանցվում և պահպանվում են «Տիգրան Հայրապետյան» գրադարանում:
Ժամանակին չներկայացված կամ հետաձգված նյութերի ցուցադրությունը տեղափոխվում է հաջորդ շաբաթ:
Ստեղծած, բայց չհրապարակված և չցուցադրված նյութի համար սովորողը չի գնահատվում:
Ցուցադրության պատասխանատուն նյութերը հանձնում է կրթահամալիրի մեդիահրատարակչություն, որը ընտրում է հրատարակվող նյութերը, անհրաժեշտության դեպքում հեղինակի հետ լրամշակում, խմբագրում և պարբերաբար հրապարակում առանձին մեդիանյութեր և ժողովածուներ: