mskh.am կայքը (այսուհետ` mskh.am) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պաշտոնական զանգվածային լրատվամիջոցն է: Կայքի խնդիրն է լուսաբանել և տարածել կրթահամալիրում ստեղծվող և իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը: mskh.am-ը գործում է կրթահամալիրի սերվերային տարածքում, հասանելի է օրվա բոլոր ժամերին:
mskh.am-ի կազմում գործում են ենթակայքեր, էլեկտրոնային ամսագրեր (որպես ենթակայքեր), բաժիններ, էջեր (որպես մենյուներ, ենթամենյուներ): Կրթահամալիրի դասավանդողների և սովորողների բլոգները ունեն mskh.am-ի էջի կարգավիճակ:
mskh.am-ի կառուցվածքը մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: mskh.am-ի ղեկավարը առաջին էջի խմբագիրն է: mskh.am-ի սպասարկման և զարգացման աշխատանքին մասնակցում են կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողները, սովորողները: mskh.am-ի բաժիններն ունեն պատասխանատուներ (խմբագիրներ). ենթաբաժինները, անհրաժեշտության դեպքում, կարող են ունենալ առանձին խմբագիրներ: Կրթահամալիրի մասնաճյուղերի ենթակայքերի (բովանդակային, կառուցվածքային) պատասխանատուները դպրոցների ղեկավարներն են: mskh.am-ի էլեկտրոնային ամսագրերն ունեն խմբագիրներ: Խմբագիրները հետևում են, որ իրենց ենթակայքում, բաժնում տեղեկատվությունը ամբողջական, կանոնակարգված լինի, մատչելի բոլոր այցելուներին` անկախ կրթահամալիրի հետ նրանց առնչությունից:
mskh.am-ի նյութը.
- կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվություն, կրթահամալիրի խորհրդի, մասնաժողովի, վարչական խորհրդի նիստերի մասին հայտարարություն. հրապարակում է կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարը.
- կրթահամալիրի օրացույց (ըստ օրերի). հրապարակում է խմբագիրը.
- կրթահամալիրում աշխատողի թափուր պաշտոնի, կրթահամալիր դիմող մասնագետների վերապատրաստումների մասին հայտարարություններ, կրթահամալիրի աշխատողներին շնորհավորանքներ, ցավակցություններ. տեղադրում է կրթահամալիրի կադրերի տեսուչը.
- կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի` ենթակայքերից, մասնախմբերի, ուսումնական կենտրոնների, դասավանդողների, սովորողների, դասարանների, խմբերի բլոգներից բերվող նյութեր. հրապարակում են խմբագիրը, օտարալեզու էջերի խմբագիրները.
- ֆլեշմոբների նյութեր. հրապարակում է խմբագիրը.
- կրթահամալիրի կյանքի ֆոտոլուսաբանում, ռեպորտաժ, TV հաղորդում. հրապարակում է TVmskh-ի խմբագիրը.
- հեղինակային կրթական ծրագրի իրականացման օտարալեզու լուսաբանում, կայքի հայերեն նյութերի թարգմանություն անգլերեն, վրացերեն, ռուսերեն, իսպաներեն. հրապարակում են օտարալեզու էջերի խմբագիրները։
mskh.am-ի նյութին ներկայացվող պահանջներ.
- նյութի լեզուն գրական հայերենն է, բացառությամբ օտարալեզու էջերի նյութերից.
- նյութը ձևավորված է հեղինակի, կրթահամալիրի սովորողի, դասավանդողի ստեղծած որակյալ նկարով. չի կարող պարունակել համացանցից ներբեռնած նկար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հազվագյուտ, հանրահայտ մարդու, հանրապետական, տարածաշրջանային, համաշխարհային, տիեզերական իրադարձության լուսանկար է.
- նյութը չի պարունակում անորակ կամ վատ ձայնագրված երաժշտություն, բացի այն դեպքերից, երբ ներկայացվում է հազվագյուտ ձայանագրություն.
- մեջբերվող տեղեկությունը կարող է լինել կրթական բովանդակության հայտարարություն` մրցույթի, օլիմպիադայի, ստեղծագործական հավաքի, հանդիպման, ուշադրություն է հրավիրում կրթական, գիտական, մշակութային, հայրենագիտական, մարզական, էկոլոգիական, տեխնոլոգիական իրադարձության, խնդրի վրա.
- mskh.am-ում հայերեն կարծիքը (comment) գրվում է միայն հայատառ.
- կարծիքը չի կարող պարունակել վիրավորանք, անպարկեշտ արտահայտություն կամ գովազդ.
- ներկայացվող պահանջների խախտումով կարծիքը առանց զգուշացնելու ջնջվում է.
- mskh.am-ի առաջին էջում նյութի որակի պատասխանատուն mskh.am-ի ղեկավարն է. նա կարող է անմիջականորեն աշխատել նյութերի հեղինակների, թողարկիչների հետ։
mskh.am-ի ղեկավարը.
- հետևում է mskh.am-ի ենթակայքերի, ամսագրերի ամենօրյա գործունեությանը.
- հետևում է, որ mskh.am-ը ժամանակին արձագանքի կրթահամալիրային իրադարձություններին. կարող է առաջին էջի համար նյութեր պատվիրել կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի TV-ռադիո խմբագրություններին, ամսագրերի, ենթակայքերի խմբագրություններին.
- ենթակայքերից, դասավանդողների և սովորողների բլոգներից առաջին էջ է բերում համապատասխան նյութերը.
- մշակում, մասնաժողովին է ներկայացնում mskh.am-ի զարգացման նախագծեր.
- հետևում է mskh.am-ի վարկանիշին.
- գրանցում է mskh.am-ի նոր անդամներին (user), որոշում է նրանց դերը (սովորող, ուսուցիչ, խմբագիր և այլ).
- ժամանակին հրապարակում է mskh.am-ի հյուրերի կարծիքները, անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկում հասցեատերերին կամ պատասխանում դրանց, հեռացնում է որպես կարծիք եկած անցանկալի տեղեկությունը (վիրուս, անցանկալի գովազդ և այլն).
- իրականացնում է նոր շահառուների ներգրավմանն ուղղված աշխատանք.
- սահմանված կարգով ներկայացնում է mskh.am-ի ամսական, տարեկան հաշվետվությունը:
mskh.am-ի տեխնիկական պատասխանատու մասնագետը.
- ամենօրյա վերահսկողություն է իրականացնում mskh.am-ի տեխնիկական աշխատանքի նկատմամբ, հետևում է mskh.am-ի համակարգում տեխնիկական խնդիրների գրանցմանը (report, update, error), օպերատիվ վերացնում խնդիրները.
- հետևում է mskh.am-ի հիմնական ծրագրային թարմացումներին և կիրառում դրանք.
- մշակում, ներկայացնում և տնօրենի որոշմամբ իրականացնում է mskh.am-ի տեխնիկական զարգացման նախագծեր.
- գրանցում է կայքի արխիվը (պահպանում է բազաները) արտակարգ պատահարի պատճառով կորուստը հնարավոր նվազագույնի հասցնելու համար: