• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գյումրեցիները տպավորված էին

 

Դեկտեմբերի 13-ին մեր կրթահամալիրում հյուրընկալվեցին Գյումրիի 8-րդ դպրոցի 4 ուսուցիչներ և 13 աշակերտներ: Սկզբում կրթահամալիրի մի քանի սովորողների ու ընդունելության պատասխանատու Վահրամ Թոքմաջյանի հետ հյուրերն այցելեցին Սուրբ Երրորդություն եկեղեցի: Այնուհետև քայլերն ուղղեցին Մեդիակենտրոն: Այնտեղ տաք թեյի շուրջ քննարկվեցին ուսումնական հարցեր, աշակերտների կողմից ներկայացվեց ակումբային գործունեությունը, իսկ տիար Բլեյանը խոսեց կրթահամալիրի ու անհատական բլոգեր ունենալու կարևորության մասին: Գյումրիից ժամանած հյուրերը եղան նաև մեր աստղացուցարանում:

Մեդիակենտրոն կատարած այցից հետո մեր հյուրերի հետ գնացինք Գեղարվեստի դպրոց: Տեղի ուսուցիչները ներկայացրեցին սաների կողմից պատրաստված աշխատանքները, ներկայացրեցին դասասենյակներն ու դպրոցի առօրյան: Հյուրերը տպավորվել էր Գեղարվեստի դպրոցի յուրահատուկ ձևավորումից:

Այս այցելության վերջին կանգառը Մայր դպրոցն էր: Այստեղ մեր հյուրերը  եղան լաբորատորիայում, այնուհետև գրադարանում: Գրադարանում նրանց ներկայացվեցին գրքերը թվայնացնելու փուլերը, իսկ հետո Հերմինե Անտոնյանն ու Նունե Մովսիսյանը ծանոթացրեցին նրանց Smart սարքավորումներին ու ներկայացրեցին, թե ինչպես կարելի է մեդիան օգտագործել կրթության մեջ:

Գյումրեցիները մասնակցեցին նաև կրթահամալիրի Խաղարկային դատարանի նիստին: 

Հաճելի և ուսումնական օրվա ավարտը տեղի ունեցավ Ավագ դպրոց-վարժարանի ակումբում, որտեղ կազմակերպված հյուրասիրությունը ընթացավ ջերմ մթնոլորտում:

Բնականաբար այս այցը օգտակար էր երկկողմանի: Վստահ կարելի է ասել, որ այս կապը կկրի շարունակական բնույթ:

Լիլիթ Աղաջանյան 

Info.mskh ակումբ: