Որպեսզի իզուր կրկնաբանվելով
Խոսքս չհասնի շատախոսության
Ու ավելի ողբալի դառնա
Ասեմ՝ թշվառս նրանով իրեն
Արքայություն չէ, որ հանդգնում է խնդրել, այլ միայն
Տառապանքների քիչ թեթևություն.
Ոչ թե հույս ունի ապրել լույսի մեջ՝ ապրողների հետ,
Այլ մեռյալների հետ՝ զգայական կյանքով՝ խավարում.
Եվ ոչ թե լինել բարձրյալների հետ,
Այլ ընկածների, խորտակվածների:
Հանգստի ժամին նա միշտ լինում է տանջահար, հոգնած,
Խրախճանքի մեջ՝ տխուր ու տրտում,
Դեմքով միշտ ժպտուն, բայց մտքով խոցված,
Տեսքը ծիծաղկոտ, աչքը ողբի մեջ,
Դրսից սփոփված է ձևացնում,
Բայց արտասուքը լուռ վկայում է կսկիծը սրտի:
Երկու ըմպանակ ունի ձեռքերում
Մեկն արյունով լի, մյուսը՝ կաթով.
Երկու բուրվառներ կայծակնացնցուղ,
Մեկը՝ խնկաբույր, մեկը՝ ճենճահոտ:
Անոթներ՝ երկու համեմունք կրող,
Մեկը՝ քաղցրություն,մեկը՝ դառնություն.
Զույգ բաժակ՝ երկու պարունակությամբ,
Մեկը՝ արտասուք, մյուսը՝ ծծումբ.
Գավաթներ՝ բռնած մատների ծայրով,
Մեկի մեջ գինի, մյուսում՝ լեղի:
Տեսնում է բացված զույգ ներհակ դռներ,
Մեկը՝ դեպի լաց, մյուսը՝ վրիպում.
Հակառակագործ երկու հալոցներ,
Մեկն արծածում է, մյուսը՝ շիջում.
Աչքերի երկու տարբեր նայվածքներ,
Մեկում աննշան, չնչին սփոքանք,
Իսկ մյուսի մեջ դաժան բարկություն.
Բարձրացած երկու ահեղ բազուկներ,
Մեկն՝ հարվածելու, մեկը՝ մերժելու.
Մի դեմք՝ երկնակի արտահայտությամբ - տխուր ու ցասկոտ:
Մեկի փոխարեն երկու կշտամբանք,
Մեկը՝ ներկայի, մեկն՝ ապագայի.
Տարակուսելի երկու ապավեն,
Մեկը՝ «թերևս», մյուսը՝ «գոնե».
Նույն բերանի մեջ երկակի բարբառ,
Մեկը՝ եղկություն, մյուսը՝ խռովք.
Երկու զգացում միևնույն սրտում,
Մեկը կեղակարծ, խաբուսիկ հույսի,
Մյուսն անկասկած, ստույգ կորստյան:
Ահագնատեսիլ լրթագույն մի ամպ՝ երկու տեղումով,
Նետեր ու քարեր.
Ահեղ որոտում՝ երկու պոռթկումով,
Մեկը՝ կարկտաբեր, մեկը՝ հրացան.
Ցավագին գիշեր երկու վտանգի՝ լալու ու մահվան.
Սգի առավոտ երկու գոչյունով,
Մեկը՝ սաստելու, մեկն՝ սպառնալու.
Զույգ արեգակներ երկու ծագերից,
Մեկը՝ խավարի, մյուսը՝ կիզման:
Հաջորդիվ. Նարեկաբուժությունը՝ բիբլիոթերապիայի հզորագույն միջոց