Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀԱՍԿ» կազմակերպությունը 1989 թ.–ից պատանեկության և երիտասարդության շրջանում գործունեություն ծավալած առաջին հասարակական կազմակերպություններից է և հանդիսանում է 1918թ-ից Հայաստանի առաջին Հանրապետությունում, այնուհետև Սփյուռքում գործող Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության գործունեության և ավանդույթների կրողը: 1997թ.-ից «ՀԱՍԿ»-ը հանդիսանում է նաև Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ: Ավելի քան 20 տարի կազմակերպությունն իր համեստ ներդրումն է ունեցել մեր նորանկախ երկրի զարգացման մեջ: Մանկապատանեկան և երիտասարդական այս շարժման նպատակն է պատասխանատու և ինքնագիտակից, հասարակայնորեն ակտիվ և հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերնդի պատրաստումը: Այդ նպատակներին հասնելու սկաուտական մեթոդն ինքնուսուցման համակարգ է, որն իրագործվում է փոքր խմբերում` ամենշաբաթյա հավաքների, միջոցառումների, արշավների, բանակումների (ճամբարների) և այլ միջոցներով, որոնք զարգացնում են ինքնաճանաչողությունը, օգնում երեխաներին ու երիտասարդներին բացահայտել անհատական հատկանիշներն ու կարողությունները, ինքնահաստատվել հասարակական կյանքում: ՀԱՍԿ-ը ունի նաև միջազգային և համահայկական միջոցառումներ կազմակերպելու հարուստ փորձ: Ներկայումս կազմակերպությունը գործում է իր 10 մասնաճյուղերով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կազմակերպության պաշտոնական կայք: