Ինչպես արդեն նշել էի, Բյուրականում՝ սկաուտական ճամբարում, ճամբարային 2-րդ օրը ականատես եղանք ճամբարի պաշտոնական բացմանը: Մի քանի կարճ ելույթներից հետո վրա հասավ կարևորագույն պահը՝ ՀՀ պետական հիմնի կենդանի հնչողության ներքո հատուկ պատրաստված կայմի վրա ծածանվեցին ՀՀ և ճամբարի դրոշները: Օրը բավականին հագեցած էր, լի տարբեր տեսակի մարզական միջոցառումներով: Բայց ավելի հետաքրքիր էր օրվա երկրորդ մասը, երբ ճամբարականները սկսեցին աշխատնքը առանձին խմբերով: Մինչ մի մասը նոր երգեր ու հատուկ ծափահարելու ձևեր էր սովորում, մնացածը խումբ առ խումբ վարպետության դասեր էր ստանում: Մի մասը սովորում էր փայտի վրա աշխատել, մյուս մասը դիզայներական դասընթաց էր անցնում, իսկ երրորդ խմբին սեղան ձևավորել էր սովորեցնում ճամբարի խոհարար և կրթահամալիրի նախկին դասավանդող տիկին Ալվարդ Ալեքսանյանը: Մի փոքր անց եկավ ինձ համար ամենապատասխանատու պահը: Ինչպես Երևանում խոստացել էի Ճամբարի կազմակերպիչներից Նարե Խլղաթյանին, մի փոքրիկ դասախոսությամբ հանդես եկա նաև ես: Խոսելով տեղանքի՝ Բյուրականի, Արագածի, Քարի լճի մասին, սկսեցին պատասխանել մասնակիցներին հետաքրքրող տարաբնույթ հարցերին և ավարտեցի իմ այսօրվա գործունեությունը: Հուսով եմ, որ բաց դասը դուր եկավ ունկնդրողներին: Ժամը 20:00-ին կրկին հնչում է ՀՀ պետական օրհներգը, այս անգամ բոլորս շտապում ենք ճամբարին օրվա փակմանը, դրոշները իջեցվում են: Ընթրիքից հետո բոլորս կհավաքվենք խարույկների շուրջ: Իսկ վաղը մեզ սպասում է երկար քայլարշավ դեպի Ամբերդ: Երբ մոտենում էր օրվա տրամաբանական ավարտը խարույկի շուրջ, եղանակը կարծես սպառնում էր փչացնել ամեն ինչ, սակայն մռայլ ամպերը շուտ նահանջեցին ու այժմ ողջ ճամբարի տարածքում հնչում են տարբեր երգեր ու հայտնի չէ, թե երբ կավարտվի խարույկահանդեսը, հավանաբար ոչ շուտ…