• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սրբանկարչության ցուցահանդես

Արարատյան Հայրապետական Թեմը բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում է Սրբապատկերի, մանրանկարի և բատիկի ցուցահանդեսի, որտեղ ներկայացված են  Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնի Սրբանկարչության և Մանրանկարչության դպրոցի, 27 սաների աշխատանքները՝ թվով 110-ը: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանն իրազեկել և լուսաբանել Սրբանկարչության դպրոցի գործունեության մասին, հաղորդակից դարձնել ազգային- քրիստոնեական մշակույթին և կենցաղվարությանը: Ցուցահանդեսին ներկայացված թեմաները բազմազան են՝ Տիրամայրը մանկան հետ, Հիսուս Քրիստոս, Ս. Գրիգոր Նարեկացի, Ս. Հովհաննես Մկրտիչ, Ս.Սարգիս, Ս.Գևորգ, Ս.Գրիգոր Լուսավորիչ, Ս.Գաբրիել Հրեշտակապետ, Հրեշտակ, Խորան, Ավետարանիչներ, Աբրահամի զոհաբերությունը, Ավետում, Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, Ծաղկազարդ, Համբարձում, Ս. Հարություն,  Ս. Ծնունդ, Կեռան Թագուհի, Լևոն Գ և այլն: Արարատյան Հայրապետական թեմը խնդիր է դրել սաներին սովորեցնել Հայ Եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը, ծանոթացնել քրիստոնեական սրբերի վարքին և սովորեցնել սրբանկարչության և մանրանկարչության հետևյալ  հմտությունները.

● Պատկերման եղանակներ
● Ներկի պատրաստման  և գործածման  տեխնիկա  ձվի տեմպերայով.
● Փայտի մշակում
● Բամբակե կտորի գործածում
● Ոսկյա թիթեղների /сусальноезолото/ օգտագործում.
● Լաքապատման եղանակներ.
Ծրագրի տևողությունը 12-24 ամիս է:
Դասընթացի շրջանակում սաները սովորում են նկարել սրբապատկերներ, մանրանկարներ տարբեր նյութերի վրա՝ փայտ, կտավ, մետաքս, ստանում են գիտելիքներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների, սրբարար խորհուրդների, կրոնական բարեպաշտական սովորությունների, սրբերի վարքի, սրբապատկերների դերի և նշանակության, Հայ Եկեղեցու պատկերահարգության, հայկական սրբապատկերների, սրբանկարչության կանոնների, Հիսուս Քրիստոսի, Սբ. Աստվածածնի, Հայ Եկեղեցու սրբերի պատկերագրության վերաբերյալ: Ծրագրի ավարտին սաները ստանում են ավարտական վկայագրեր առ այն, որ մասնակցել են դասընթացին և ունեն սրբանկարչության հմտություններ: Սրբանկարչության դպրոց կարող է դիմել յուրաքանչյուրը՝ անկախ նկարչական հմտություններից և տարիքից: Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2002 թ. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ  Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Ցուցահանդես կտևի 2 օր՝ հունիսի 24-ին և 25-ին, ժամը 14: 00 - 17:00

  ԱՐԱՐԱՏՅԱՆ  ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ  ԹԵՄ