Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Վրաստանի՝ Թբիլիսիի, Ջավախքի դպրոցների միջև գործող կրթական համագործակցությունը հայաստանցի-վրաստանցի սովորողների և ուսուցիչների համար կրթական-մշակութային արժեքների փոխանակման, իրար լեզու սովորելու, գրականությանն ու արվեստին հաղորդակցվելու, երկիրը, մարդկանց և ավանդույթները ճանաչելու խթան է դարձել, իսկական կենդանի բարեկամության է վերածվել։
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի որոշմամբ պարգևատրվել է «Վրաստանի մշակութային դեսպան» ոսկե շքանշանով և պատվոգրով:
2011թ. ապրիլի 14-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Վրացերենի օր» Վրաստանի պետական տոնը կրթահամալիրի սովորողների հետ նշել են Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին՝ դեսպանատան այլ աշխատակիցների հետ, Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչները, Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թ. 98 դպրոցի ուսուցիչներ և սովորողներ, դպրոցի պարի խումբը` դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեի ղեկավարությամբ։ Տոնական միջոցառման շրջանակում «Վրաստանի մշակութային դեսպան» շքանշանը և պատվոգիրը կրթահամալիրի տնօրենին է հանձնել Գեորգի Կվաբզիրիձեն։