Հայաստանի Բնապահպանական կրթական ցանցի (ԲԿՑ) հերթական սեմինարը այս անգամ կազմակերպվել էր ATP բարեգործական հիմնադրամի՝ Օհանյանների անվան կրթական կենտրոնում: Կրթական կենտրոնը երեք տարի առաջ է կառուցվել Մարգահովտում:
Սեմինարին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ «Այբ» դպրոց, UNICF, « Էկո-Տապան», Մարգահովիտի գյուղապետարան, «Փոքրիկ Իշխան», Time Land հիմնադրամ, Երիտասարդ կենսաբանների ասոցիացա, «Խազեր» էկո-մշակութային ՀԿ, QSI Yerevan միջազգային դպրոց, ՀԿ կենտրոն ՔՀԶՀԿ:
Սեմինարի թեման էր` «Վտանգված տեսակներ»: Իհարկե, խոսքը մարդու մասին չէր, այլ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի մասին էր: Օրակարգում.
Սեմինարը լավ հնարավորություններ է ստեղծում նոր ծանոթությունների, կապերի, նախաձեռնությունների, պայմանավորվածությունների համար: Մասնակիցներին ներկայացրեցի մեր կրթահամալիրում կատարվող բնապահպանական աշխատանքները, Էկոտուրի գործունեությունը, զարգացման հեռանկարները:
ATP կրթական բաժնի ղեկավար Ալլա Սահակյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մարգահովտի ATP կրթական կենտրոնում էկոլոգ-ուսուցիչների ամառային ճամբար կազմակերպելու, ինչպես նաև Էկոտուր-2016-ի ամառային ճամբարը այնտեղ անցկացնելու մասին:
Մարգահովտի ATP կրթական կենտրոնը շատ ապահով և հարմար վայր է ճամբարներ կազմակերպելու համար:
Մարգահովիտը գտնվում է Ֆիալետովո և Լերմոնտով գյուղերի միջև: Գյուղը 4000-ից ավելի բնակչություն ունեցող համայնք է: Հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Ունի 430 սովորողով միջնակարգ դպրոց, եկեղեցի, որտեղ կարող է ելույթ ունենալ մեր կրթահամալիրի երգչախումբը (պայմանավորվել եմ գյուղապետի տեղակալ Աննա Հարությունյանի հետ), կաթնամշակման գործարան:
Time Land հիմնադրամի ներկայացուցիչ Հովիկ Սարգսյանի հետ էլ պայմանավորվեցի Ճամբարակի տարածաշրջանի Կալավան գյուղում էկո-հնագիտական ճամբարի մասնակցության մասին։
Երեկոյան քայլարշավ կազմակերպեցինք դեպի Ֆիալետովո: Ներկած տներ, խնամված կոկիկ բակեր, որտեղ ծաղկել են շատ գեղեցիկ և մեր աչքի համար անսովոր շուշաններ, գեորգինաներ և այլ չքնաղ անծանոթ ծաղիկներ: Ծանոթացանք Հայաստանում ռուսական գյուղի միջավայրի հետ՝ այլ մշակույթ, այլ կենցաղ: Մեր խմբին սիրալիր ողջունում էին մոլոկանները:
Տպավորված եմ սեմինարի աշխատանքներով: