Բարի լույս... Վերջերս սահմանում լարվածության թեժ օրերին, երբ ունենում էինք զոհեր և վիրավորներ, «բարի լույսը» կիսաձայն էր: Պատերազմը ունի հազար դեմք՝ մեկը մյուսից հրեշավոր: Ամեն առավոտ տեսնելով այդ դեմքերից մեկը «բարի լույսը» դառնում է մաղթանք և ձգտում: Այս օրը բարի է: Սահմանում հանգիստ է չունենք կորուստներ ու վիրավորներ: Երբ լրատվամիջոցները աղքատիկ են պատերազմին վերաբերող լուրերով ուրեմն ամեն ինչ ընթանում է իր հունով: Առօրյա հոգսերը շատ են, բայց լուծելի՝ աշխատանքի ու ջանասիրության խնդիր է: Աշխարհը աղմկում է, Սիրիայում պատերազմը շարունակվում է, կայսրությունները վիճում ու բանավիճում են, Հայաստան աշխարհն էլ իր փոքրիկ մակույկով խուսանավում է: «Հայֆեստը» մեկնարկել է արդեն: Հանգստյան օրերը խոստումնալից են: Թատերական փառատոնի կազմակերպիչները հանդես են գալիս նոր սկզբունքով՝ Ռուսական Դրամատիակական թատրոնում անցկացվող միջոցառումների մուտքն ազատ է: Փառատոնը դեմքով շրջված է դեպի հանդիսատեսը: Լավ հնարավորություն հանգստյան օրերի մեջ մի փոքր բազմազանություն և արվեստ ավելացնելու համար: Դիջիթեք էքսպոյի երկրորդ օրն է, որին սեբաստացիները ներկայանում են ուրույն ձեռագրով: Քաղաքացու կերտման ճանապարհին չկան ազատ կամ հանգստյան օրեր կամ հերթական օրեր: Ամեն օր մի գործ է, մի ջանք: Այս օրը բարի է բացվել և ուրեմն ի գործ: