Կրթական փոխանակումների շրջանակներում հոկտեմբերի 28-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հիմնական դպրոցի հյուրատանը հյուրընկալվեցին Ստեփանակերտի 9 դպրոցների սովորողների ու դասավանդողների մի խումբ: Իրենց այցելության մի քանի օրերի ընթացքում նրանք կմասնակցեն ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների ներկայացմանը, ինչպես նաև կրթահամալիրի սովորողների և դասավանդողների հետ կճամփորդեն, կծանոթանան կրթահամալիրի նոր ու փոփոխվածբարքերին: Սովորողներն ասացին, որ կրթահամալիրյան օրակարգին մասնակցելուց բացի, ուզում են առաջիկա օրերի ընթացքում այցելել թատրոն, բայց և հավելեցին, որ իրենց ամենամեծ ցանկությունը նոր շփումներ հաստատել և նոր ընկերներ ձեռք բերելն է:
Խմբում կային ինչպես առաջին անգամ կրթահամալիր այցելած սովորողներ, այնպես էլ նրանք, ովքեր արդեն հասցրել էին լինել մեր դպրոցում «Էկոտուրի» և այլ ստուգատեսների շրջանակներում: Ստեփանակերտցի մեր հյուրերը այսօր շրջայց կատարեցին Արհեստագործական և Գեղարվեստի դպրոցներում, հիացան ջերմոց-ծաղկանոցով, զարմացան սուրճի ծառով ու մի քիչ էլ «նախանձեցին» Գեղարվեստի սեբաստացիներին, իհարկե, կրթահամալիրի տնօրենի առաջարկով մեր հյուրերը կրկին անգամ եկող ամռանը հրավիրվեցին Գեղարվեստի դպրոց՝ արվեստաստեղծ ճամբարի մասնակցելու համար: Այնուհետև ստեփանակերտցիները Էմանուել Ագջոյանի տիեզերանավով ճամփորդեցին Աստղացուցարանում: Հյուրերի հետագա ծրագրում արդեն այցելությունն էր Ծիծեռնականերդի հուշահամալիր, երևանյան թանգարաններ, ապա՝ թատրոն: Օրը հարուստ էր և հագեցած կրթահամալիրի և նրա հյուրերի համար:
Բոլորս անհամբեր սպասում ենք վաղվա ընդհանուր պարապմունքին, որը պետք է վարեն Արցախցի մեր հյուրերը:
Կարինե Կիրակոսյան
Աղասի Մարգարյան