Հարգելի մասնակից, առաջադրանքների պատասխանը խնդրում ենք ուղարկել hayeren@mskh.am էլեկտրոնային հասցեին մինչև մարտի 9-ը:
Մարտի 18-ին, ժամը 15.15, մասնակիցներին հրավիրում ենք արդյունքների ամփոփմանը:
I. Կարդա Հիսուսի երեք առակները, ընտրիր դրանցից մեկը և կատարիր առաջադրանքները:
- Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին: Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
- Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ փեսայի եւ հարսին: Հինգն ի նոցանէ յիմարք էին՝ եւ հինգն իմաստունք: Յիմարքն առին զլապտերսն, եւ ձէթ ընդ իւրեանս ոչ բարձին: Իսկ իմաստունքն առին եւ ձէթ ամանաւք ընդ լապտերս իւրեանց: Եւ ի յամել փեսային, նիրհեցին ամենեքեան եւ ի քուն մտին: Եւ ի մէջ գիշերի եղեւ բարբառ. «Ահա փեսայ գայ, արիք ընդ առաջ նորա»: Յայնժամ յարեան ամենայն կուսանքն, եւ կազմեցին զլապտերս իւրեանց: Ասեն յիմարքն ցիմաստունսն. «Տուք մեզ յիւղոյդ ձերմէ, զի ահա՝ շիջանին լապտերքս մեր»: Պատասխանի ետուն իմաստունքն եւ ասեն. «Գուցէ ոչ իցէ մեզ եւ ձեզ բաւական, այլ երթայք ի վաճառականս՝ եւ գնեսջիք ձեզ»: Իբրեւ նոքա գնացին գնել՝ եւ եկն փեսայն եւ պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն՝ եւ փակեցաւ դուռնն: Յետոյ՝ գան եւ այլ կուսանքն՝ եւ ասեն. «Տէ՛ր, Տէ՛ր՝ բա՛ց մեզ»: Նա պատասխանի ետ եւ ասէ. «Ամէն ասեմ ձեզ, թէ ոչ գիտեմ զձեզ: Արթուն կացէք՝ զի ոչ գիտէք զաւրն եւ ոչ զժամ»:
- Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել: Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա: Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին, եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ: Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ: Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:
Առաջադրանքներ.
- Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
- Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
- Մեկնաբանիր ընտրածդ առակը:
- Փորձիր գեղեցիկ և անսխալ կարդալ առակը, ձայնագրիր:
II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
«Խնդրանք իմաստության», «Առավոտյան աղոթք», «Աղոթք ճաշից առաջ», «Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»
- Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
- Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
- Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս:
- Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:
III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
- Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:
- Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:
- Ընթերցիր, ձայնագրիր աղոթքը:
Գրաբարի օլիմպիադա