Այսօր՝ ճամբարի մեր 3-րդ օրը, մենք կարդացինք մի պատմվածք, որ կոչվում է «Կաթիդ փարան չմոռանաս, մամա»: Այն գրել է Վահե Հայկը: Ինձ դուր եկավ հեղինակի կերպարը, նա շատ բարի մարդ էր և երկար ժամանակ չի հասկանում, որ այդ պառավ կինը նպարավաճառի մայրն է: Իսկ նպարավաճառը ինձ դուր չեկավ: Նա չի ուզում, որ իր մայրը ապրի իր ընտանիքի հետ նոր կառուցած տանը: Վերջում հեղինակը օգնում է ծեր կնոջը, որ իր գնումները տանի իր անշուք փայտե տնակը ու ասում է նրան.
-Մայրիկ, հաջորդ անգամ, որ գնաս որդուդ խանութը գնումներ անելու, չմոռանաս նրան կյանք տալու, պահելու ու մեծացնելու համար նրանից վարձը վերցնես:
Էդուարդ Ջահանգիրյան, ճամբարական
Այսօր մենք կարդացինք Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռանաս, մամա» պատմվածքը, չնայած սա ավելի շատ առակի է նման, քան պատմվածքի: Հեղինակը պատմում է, թե ինչպես է ականատես եղել մի պատմության, երբ որդին շատ սառը և կոպիտ է վերաբերվում իր մորը, հեղինակը անգամ չի կարողանում հավատալ, որ այդ կինը նրա մայրն է: Պատմվածքի վերջում հեղինակը ինքն է գնում, օգնում կնոջը իր գնումները տեղափոխելու համար և խորհուրդ է տալիս, որ հաջորդ անգամ որդու խանութ գնումներ անելիս չմոռանա հետ պահանջել այն ամենը, ինչը մայրը նրան տվել է. անքուն գիշերներ է անցկացրել որդու օրորոցի մոտ, իր կաթով կերակրել է նրան, մեծացրել, իսկ որդին հիմա երես է թեքել մորից:
Դոնարա Թովմասյան, ճամբարական
Այսօր մենք կարդացինք «Կաթիդ փարան չմոռանաս, մամա» պատմվածքը: Այն շատ հետաքրքիր էր և բովանդակալից, դրա համար էլ ես շատ հավանեցի: Այս պատմվածքով Վահե Հայկն ասում է, որ մայրն ամենաթանկ և ամենահարազատ մարդն է: Չի կարելի, որ մոր ծեր ժամանակ որդին նրանից գումար, կամ ուրիշ բան պահանջի, չէ՞ որ մայրը իր կաթով կերակրել է նրան, երբ նա փոքր է եղել, դիմացել է նրա բոլոր կամակորություններին, անքուն գիշերներ է անցկացրել նրան օրորելու, կերակրելու համար, և նա է պարտական մորը: Ինձ ամենաշատը դուր եկավ հեղինակի կերպարը, քանի որ նա բարի է, համբերատար և խելացի: Նա օգնեց նպարավաճառի մորը և խորհուրդ տալիս նրան, մյուս անգամ որդու խանութից ապրանք գնելիս չմոռանա իր զոհողությունների մասին և պահանջի որդուց իր մայրական կաթի գումարը:
Լիանա Վահանյան, ճամբարական