1in.am. Նարե Գրիգորյանի հարցազրույցը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
20.08.2016թ.
Նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշ պետական բուհերում հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձավճարները բարձրանալու են առնվազն 30-50 հազար դրամի չափով: Անդրադառնալով հարցին, թե կրթական համակարգում ուսման վարձերի թանկացումն արդարացված է, թե ոչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ բարձրագույն մասնագիտական համակարգն արատավոր է, այն չի աշխատում հանուն Հայաստանի Հանրապետության:
Աշոտ Բլեյանն անդրադարձավ նաև կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրների: Նրա կարծիքով՝ բարձրագույն կրթության ժամանակահատվածը պետք է կարճատև դարձնել. «Խտացրե՛ք ուսման ժամանակը, ինչո՞ւ եք ուզում անպայման 4-5 տարի լինի, այդ ի՞նչ պարազիտիզմ եք ուզում սրսկել առանց այն էլ ծույլ այս հասարակությանը, որ մինչև վերջ թաղված է անգործության մեջ. այս մեր կյանքը դրա արտահայտությունը չէ՞»:
«Մենք ուզում ենք հասարակական կյանքը չփոխել, տնտեսական կյանքը, քաղաքական համակարգը մնա նույնը, բայց նրա մի հարթակ՝ մասնագիտական կրթության հարթակը փոխել, սակայն դա պարզունակ մոտեցում է, որովհետև մեր տնտեսական-հասարակական կյանքի բոլոր արատները կրթական համակարգում արտահայտվում են»,- նկատեց Ա. Բլեյանը:
Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ մարդն ընդհանրապես չպետք է մտածեր դիպլոմ ունենալու մասին, պետք է մտածեր մասնագիտական իր պատրաստվածության մասին, որով կարողանար փող վաստակել, իր տաղանդը ներդնել և ստանալ աշխատավարձ, լինել իշխանությունից և ծնողներից անկախ մարդ:
«Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում 4 տարի վճարում և սովորում են, ուսուցչի որակավորում ստանում, հետո ի՞նչ է լինում. դա ողբերգություն է, կարելի՞ է այդ թշվառությունը հանդուրժել և քանի՞ տարի… Հետո գնա, կաշառք տա, որ ընդունվի աշխատանքի, դառնա ստրուկը ինչ-որ տնօրենի և այդ համակարգի, և այդ մարդը պետք է նոր սերո՞ւնդ կրթի: Հետո էլ նախարարի հորդորները՝ նոր ուսումնական տարի է, զերծ մնացեք չարաշահումներից… այդպե՞ս է կառավարվում, խնդիրը շատ ավելի լուրջ է»,- ընդգծեց Ա. Բլեյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է փոփոխություներ իրականցնել:
Մանրամասները՝ տեսանյութում: