Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը գտնվում է Իրանի արևելյան Ատրպատական նահանգում, Ջուլֆա քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա, Արաքս գետի հարավային ափին գտնվող, այժմ լքված Դարաշամբ գյուղից մոտ մեկ կիլոմետր դեպի արևելք: Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու,Վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված և պարիսպներով շրջապատված ուղղանկյուն համալիրի շենքերը խմբավորված են երկու բակերում, որոնցից հյուսիսում են գտնվում Սբ. Ստեփանոս եկեղեցին՝ հարավից կից երկհարկ եռաստիճան զանգակատնով, և Սբ. Պողոս-Պետրոս միանավ թաղածածկ եկեղեցին։ Դեղնա-կարմրավուն ֆելզիտային տուֆի մաքուր տաշված քարերով կառուցված Ս. Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև է, եռախորան, արևմտյան ուղղանկյուն թևով, արտաքուստ՝ ուղղանկյուն: Պատերը ներսից աղյուսապատ են և սվաղված: Խորանները յոթանիստ են, անկյունային սենյակները՝ երկհարկ: