«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 24-ին կայացել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը մրցույթին դիմած սովորողների հետ:
Մրցութային հանձնաժողովի անդամները ներկայացրել են մրցույթի նպատակները, պայմանները, 2011թ. նորամուծությունները, իրենց ակնկալիքները սովորողներից: Նրանք մտքերն արտահայտելիս անկաշկանդ, ազատ, համարձակ լինելու, մրցույթից չլարվելու կոչ են արել սովորողներին եւ հույս հայտնեցին, որ մրցութային աշխատանքի ողջ ընթացքում կպահպանվի այն ջերմ մթնոլորտը, որն ապահովել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր ընդունելությամբ:
Հանդիպման մասնակիցներին ողջունել են կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի խորացված ուսուցման սովորողները:
Ներկայացվել են կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի նոր ենթակայքը, տեսանյութեր, «Ողջույն, ուսումնական ամառ» ծրագիրը` իր ստուգատես-փառատոներով, մեդիաօլիմպիադայով: Հավաքի սկիզբն ու ավարտը պարային էր. կրթահամալիրի սովորողները մրցանակի թեկնածու հյուրերի հետ Մարմարյա սրահում «Ծաղկաձորի», «Լուրկե», «Քոչարի» ու վալս էին պարում:
Հանդիպմանը ներկա են եղել մրցանակաբաշխությանը մասնակցող դպրոցների` ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, ՀՊՃՀ-ի Երեւանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-11-րդ դասարանի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ:
Մայիս 25, 2011, news.am