Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական տարում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ համերգներ, գիտական ու կրթական միջոցառումներ, գիտաժողովներ, որոնք կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ եվրոպական բոլոր այն քաղաքներում, որտեղ ուսանել եւ ստեղծագործել է Կոմիտասը:
Սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը Կոմիտասի ծննդյան միջակայքում, հին ու նոր տոմարներով, նախատեսված է գիտաժողով-փառատոն: Այդ մասին երեկ Կոմիտասի թանգարանում հայտարարել է մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ ազդարարելով Կոմիտասին նվիրված միջոցառումների մեկնարկը եւ մասնակցելով Կոմիտասի արձանի բացման արարողությանը։
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով ամիսներ առաջ դուրս եկավ Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովից՝ անդրադառնալով կազմակերպվելիք կոմիտասյան գիտաժողովներին, ասում է, որ դրանք շարքային միջոցառումներից են։ «Այդ գիտաժողովներն անում են, որպեսզի այդ կիսատ-պռատ երաժշտագետները գնան, ման գան, պետության հաշվին հյուրանոցներում մնան, ուտեն-խմեն, ոնց որ Սորբոնում արեցին, երբ Սորբոնի գիտաժողովի կիսադատարկ դահլիճի կեսն ինքնուս զեկուցողներ էին՝ իրենց կոմիտասագետի տեղ դրած։ Այսինքն՝ հերթական կեղծիքն է, իրենց համար են ամեն ինչ անում, գնան, ման գան, գան, մեր ժողովրդին ի՞նչ է դա տալու, կամ աշխարհին ի՞նչ են տալու իրենց այդ տափակ զեկուցումները՝ ոչ մի բան։ Կոմիտասի երազանքը, որ ուզում էր փոխել այս ժողովրդի դեմքը, դարձնել դեպի իր արմատները, դրան ուղղված ոչ մի քայլ չեն անում, մենակ այնպիսի բաներ են անում, որը կապված է իրենց ման գալու, ուտել-խմելու հետ, եւ նախարարությունն էլ հաստատում է դա, որ իրենք էլ իրենց նախարարով, փոխնախարարով գնան, ման գան։ Իսկ մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ շրջում ենք քաղաքով, գյուղերով, սովորեցնում ենք Կոմիտասի երգերը, ծրագիր ենք արել, որ ամբողջ հայությունը գոնե մի քանի երգ անգիր իմանա, ինչպես հայերենի տառերը»,- նշեց Շահնազարյանը։
Լրագրող՝ Սոնա Ադամյան