Հանրապետության հրապարակից այսօր մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրականացվող «Դասարան անիվների վրա» նախագիծը, որի պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով և բարի երթ մաղթելով նախագծի մասնակիցներին` նախարարը նշել է, որ հանրակրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ պայման է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը:
«Չկա որակյալ կրթություն` առանց համակարգիչների և համացանցի»,- ընդգծել է Ա.Աշոտյանը և հավելել, որ վերջին 2 տարում Հայաստանի ուսումնական հաստատություններում բեկումնային զարգացում է ապրել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: «Եթե 2009 թվականին 36 աշակերտի բաժին էր ընկնում մեկ համակարգիչ, ապա այժմ այդ թիվը հասել է 22-ի, որը համապատասխանում է Եվրամիության անդամ երկրների միջինացված ցուցանշին: Այս ցուցանիշին հնարավոր է եղել հասնել ՀՀ Նախագահի կողմից հովանավորվող համակարգիչ դպրոցների համար ծրագրի շնորհիվ, որի շրջանակում 2300 գերժամանակակից համակարգիչ է տրամադրվել Հայաստանի և 100-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին»: Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ինտերնետային հասանելիության խնդրին` նախարարը նշել է, որ առկա 65 տոկոսի ծածկույթը մինչեւ տարեվերջ հասնելու է 95-ի:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա.Բլեյանը նշել է, որ նախագծի նպատակն է անմիջական հանդիպում-ներկայացումների միջոցով Հայաստանում և Արցախում առաջացնել մեդիահանրակրթության դասարանների ստեղծման պահանջ, իսկ վերջինիս ստեղծմամբ Հայաստանի և Արցախի ուսուցիչներն ու աշակերտները կկարողանան միմյանց հետ շփվել, փորձի փոխանակում իրականացնել, որը չափազանց կարեւոր է հանրակրթության զարգացման համար: Նրա խոսքով` նախագծի շրջանակում նախատեսվում է նաև ուսումնական գրականություն տրամադրում դպրոցներին, ինչպես նաևՎայոց ձորի, Սյունիքի և Արցախի սովորողների և ուսուցիչների ներգրավում կրթահամալիրում ընթացող մեդիաօլիմպիադայում:
Նախագծի իրականացման համար նախատեսվել է հետևյալ երթուղին` Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթև-Նորավանք-Երևան: