Ճանպարհը երկար էր, ծանր, նույնքան երկար ու ծանր, որքան հիշողությունների բեռը, թերևս հաճելի, բայց հուզիչ այնքան, որ ստիպեց ինձ երկար ու խոր դադարով լռել: Առհասարակ չեմ սիրում սրտաճմլիկ տեսարանները, լացը:
Վերջապես հասանք Ծաղկունք, հանդիպեցինք մեր ծանոթներին ու գնացինք մեր բնակարանը: Առաջին հիմնախնդիրը քաղցը հաղթհարելու հարցն էր, ու մենք ձեռնամուխ եղանք այդ գործին` աչալուրջ կերպով: Վերջապես սկսեցինք ցուրտ զգալ, որը մեր համոզմամբ սովը թոթափելու առաջին նախանշանն էր:
Ամենուր սկսեցին թևածել սալսայի, տանգոյի ռիթմերը, իսկ մենք բնականաբար սկսեցինք պարել, պատկերացնում եք` անգամ ես: Ավելի ուշ Էմանուել Ագջոյանը ցուցադրեց իր վարպետությունը դաշնամուրի վրա: Սա մի իրականություն էր, որտեղ տիրում էին արվեստն ու հումորը, իմացությունն ու վարպետությունը:
Վահրամ Թոքմաջյանը հիշել էր փիլիսոփայության կարևորության մասին, և մենք միասին քննարկում էինք արդի հիմնահարցեր: Հրաշալի էր: Մի գավաթ թեյ, լավ միջավայր, գիտակ ուսուցիչներ. էլ ի՞նչ էր պետք վերգտնելու համար դպրոցի դինամիկ շունչը: Վրա հասավ թղթախաղը: Մի քանի ժամ անց ես ընկեր Մարթային շփոթեցի Մուսինյան Նարեկի հետ. երկուսի դեմքն էլ սև էր:
Բնականբար դժվար էր կիպ կոստյումից, թիթեռնիկից հետո նստել խարույկի կողքին: Բայց մեզ փրկեց մեր՝ օտար լեզուների իմացությունը. վայելեցինք իտալերենով Չարենց, սկսեցինք երգել... դրսում սարսափելի ցուրտ էր, բայց դա նշանակություն չուներ: Բուխարու կողքին իրար էին խառնվել երգն ու պարը, բանստեղծությունն ու կերպարվետը, վերջին շտրիխն էր բուխարու մեջ խորոված կարտոֆիլը:
Երկրորդ հարկում` աղջիկների սենյակում, խոր միգամածություն էր. Շուշանը, Մանեն, Լիանան դարդից 20 կիլոգրամ նիհարեցին, նրանց սրտերը պատել էր մեզ` տղաներիս, չտեսնելու անդառնալի կսկիծը: Դա ճգնաժամ էր, հույզերի միախառնում:
Առավոտյան հավաքվեցինք կրակի շուրջ թեյախմության, և Արմինե Բաբայանի հետ սկսեցնք բանավիճել քաղաքակրթության, կերպարվեստի, գրականության, կինոյի մասին:
Ետդարձի ճանապարհը հուզիչ էր, դարձել էինք մի ընտանիք: Ավտոբուսը սկզբունքորեն մեզ թողել էր բաց երկնքի տակ, ու մենք ստիպված էին բացել քնապարկերը: Այսպիսով, ավարտվեց ամեն բան ու դարձավ հուշ, մենք կկարոտենք ձեզ ու մեր հաճելի պահերին…
Ես սիրում եմ Ձեզ: