Տարիներ առաջ էր...
2002 թվականի օգոստոսին առաջին անգամ եկա կրթահամալիր. աշխատանք էի փնտրում: Մայր դպրոցի ձախ թևի աստիճաններով բարձրանալով երկրորդ հարկ` տեսա տղամարդկանց: Դիմեցի նրանց` հուսալով գտնել մեկին, ով ինձ կօգներ: Մեկը (հետո իմացա` տիար Նիկողոսյանն էր) նայեց, հարցրեց մասնագիտությունս, ապա` ուսումնառությանս տարիները: Մի պահ ընկնելով տարեթվերի աշխարհ` ժպտաց: Հիմա այնքան էլ լավ չեմ հիշում, բայց կարծեմ իմ ծննդյան տարեթիվը համընկնում էր նրա` համալսարան ընդունվելու տարեթվի հետ:
Թափուր աշխատատեղեր կային, մասնակցեցի մրցույթին և անցա աշխատանքի: Անցան տարիներ` հաջողված ու անհաջող դասեր, շատ ձեռքբերումներ, երբեմն հիասթափություններ, մի խոսքով` կյանք` իր լավ ու վատով...
2010 թվականին ստիպված էի թողնել կրթահամալիրը և հեռանալ Երևանից: Այս երկու տարվա մեջ համոզվեցի, որ եթե դու քեզ մի պահ զգացել ես կրթահամալիրցի, այլևս առանց նրա չես կարող ապրել ու աշխատել. կրթահամալիրը միշտ հետդ է` mskh.am-ով, սոցիալական ցանցերով, կապերով... ու ձգում է անընդհատ: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք ու աջակցեցիք. մենք ընտանիքով վերադառնում ենք կրթահամալիր: