Մխիթար Սեբաստացի և մխիթարյան միաբանություն
Մխիթար Սեբաստացին հայագետ գիտնական է, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը:
Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676 թվի փետրվարի 17-ին և ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։
1685-91թթ.-ին սովորել է Սեբաստիայի Ս. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։
Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն` հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:
1692 թվին Մխիթարն այցելել է Ս. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը։
1703թ.-ին մեկնել է վենետիկյան իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Այստեղ էլ, ստանալով Պապի աջակցությունը, հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749 թվից)։
Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715 թվին տեղափոխվել է Վենետիկ։
1717 թվին Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Այնուհետև համառ ու հետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածելու հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
Միաբանությունը 1772 թվին երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811 թվից հաստատվել է Վիեննայում։
Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Ս.Ղազար կղզու՝ վանքին կից ճեմարանում հայերենին և արևելյան լեզուներին ու մշակույթին են ծանոթացել Եվրոպայի բազմաթիվ մտավորականներ (Բայրոն, Ստենդալ, Պետերման և այլք)։
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա) Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները։
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր նախակրթարանից մինչև ավագ դպրոց, արհեստագործական և միջին մասնագիտական ուսուցում: Գլխավորը սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքն է կրթական միջավայրում: Դրա արդյունքն է եռալեզու (հայերեն, անգլերեն, վրացերեն) mskh.am-ը` իր TV-ով, ռադիոյով, բազմալեզու լրատվությամբ:Այն հանրապետության առաջատար ուսումնական կայքերից է:
ՏՀՏ-ները, օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից` որպես անընդհատ ուսուցման և ստեղծական աշխատանքի արդյունավետ ու գրավիչ միջոցներ: Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում:
Գործում է որպես վերապատրաստման կենտրոն:
Ունի հյուրատուն: Հայրենագիտական և ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչ են:
Մեր կրթահամալիրը հիմնադրման՝ 1989 թվից կրում է Մխիթար Սեբաստացու անունը: «Շատ կուզեմ,- ասում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը,- որ պայմաններ ստեղծվեն Մխիթարյան միաբանների հետ համագործակցելու համար: Որպես կամուրջ կծառայեն 2008-2009 ուստարում կրթահամալիրում բացվող հայագիտական ուսումնական կենտրոնն ու հայագիտական խորացված ուսուցմամբ ավագ դասարանները»:
Ստացանք հարցերի պատասխանները (հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ)
Մենք Մխիթար Սեբաստացու հետնորդներն ենք