Ձմեռային առաջին ճամփորդությունը «Ապոլլոն» գիտակների ակումբը որոշեց անկացնել ոչ ֆորմալ կրթության դասի տեսքով: Դեկտեմբերի 7-ը հերթական բաց դասի օրն էր, որն անցկացվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում (Մոնումենտ)՝ ակումբի 10 անդամների և ղեկավար Վահրամ Թոքմաջյանի մասնակցությամբ: Քննարկման առանցքում «Քաղաքի գործառույթներ, քաղաքային մշակույթ» գաղափարներն էին:
Եվ այնտեղ, որտեղից բացվում է քաղաքամայր Երևանի համայնապատկերը և հեռվում նշմարվում են փայլող լույսերը, սկսվեց մեր քննարկումը: Սկզբում խոսվեց քաղաքի բնորոշիչների (տարբերությունը գյուղական միջավայրից) ու դասակարգման (ըստ մեծության և ըստ ֆունկցիաների) մասին: Օրինակ՝ մշակութային քաղաքը իր հերթին կարող է լինել կրոնական (Էջմիածին, Երուսաղեմ), կրթական-համալսարանական (Օքսֆորդ, Հարվարդ), փառատոնային (Կոկտեբել, Կանն), քաղաք-թանգարաններ (Սուզդալը Ռուսաստանում, Էվորան Պորտուգալիայում, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության մաս են կազմում՝ նյութական արժեքների պահպանման և միջազգային տուրիզմի զարգացման համար) և այլն:
Այնուհետև քննարկումը ավելի շատ կենտրոնացավ հայկական միջավայրի վրա՝ սկսած միջնադարյան միջնաբերդ-շահաստան-արվարձաններ սկզբունքից մինչև խորհրդային տարիներ՝ Երևանի ու Գյումրու օրինակներով, հասնելով նյութական էլիտա-ինտելեկտուալ էլիտա հակադրությանը և վերնիսաժ-էրմիտաժ փոխլրացմանը: Համաշխարհային մասշտաբներով այս ասպեկտում կարևոր դեր ուներ անդրադարձը դեպի անտիկ հունական ժամանակներ՝ հրապարակ, տոնավաճառներ, ընտրություններ, ժողովներ և հռոմեականին: Թերևս ֆորումների մասով կդիտարկեինք, եթե ցուրտն ու մութը խանգարող հանգամանքներ չլինեին: Հին Հռոմին հավանաբար մի ամբողջ դաս կնվիրենք. այս մասին մի փոքր ուշ:
Որպես վերջաբան՝ ամփոփենք, թե ինչ տեսանկյուններից էր այս դաս ոչ ֆորմալ կրթության իրականացման հաջողված փորձ.
- մասնակիցների կողմից նյութի տիրապետում ազատ դաշտում՝ առանց դասագրքային կամ ընդհանրապես գրքային սահմանափակման
- առավելագույն ներգրավվածություն բաց դասախոսությանը՝ հարցադրումների և լրացումների միջոցով
- բովանդակության և տեղի միաձուլում. կարծես Երևանը աչքիդ առաջ միջնադարից հասավ 21-րդ դար
Աիդա Գրիգորյան, 12-րդ դաս.