«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամենականաչ ստուգատեսի մրցանակակիրները էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը անցկացրին Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում։ Այսօր՝ հուլիսի 24-ին տեղի ունեցավ մասնակիցների Զիկատարի ամենամյա ճամբարի ամփոփումը։
Կլոր սեղանին ներկա էին և՛ Սեբաստացի մասնակիցները, և՛ Հրազդանի համար 1 ավագ դպրոցի սովորողներն ու ուսուցիչները (Ճամբարի մասնակիցներն էին Թբիլիսիի համար 2 և 24, Ստեփանակերտի համար 2 և Ֆիզմաթ, Հրազդանի համար 1 ավագ դպրոցի, կրթահամալիրի սովորողները): Հյուրերից էր նաև «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Ամալյա Համբարձումյանը։ Կլոր սեղանի շրջանակում մասնակիցները խոսեցին իրենց տպավորություններից, ներկայացրին այսպիսի ուսումնա-հետազոտական ճամբարների կարևորությունը կրթական ոլորտում, պատմեցին անցկացրած հիանալի ժամանակի մասին։ Ներկաները հանդես եկան առաջարկություններով «Հանրակրթական էկոտուր 2016» ամենամյա բաց ստուգատեսը հանրային դաշտ բերելու համար։ Այսպիսի բնապահպանա-հայրենագիտական ճամբարները ոչ միայն պետք է խթանեն այլոց մասնակցությունը, այն նաև պետք է արժանանան հանրության օժանդակությանն ու ուշադրությանը։ Մասնակիցները շեշտեցին, որ էկո ճամբարների անցկացումը չեն պատկերացնում առանց հանրային, մաքուր լողափի, հեծանվասպորտի, ձիասպորտի, անհրաժեշտ գործիքների։ Իսկ այն ճամբարները, որտեղ մասնակցություն ունեն ՀՀ տարբեր մարզերի և շրջանների պատանիները, չի կարող չխրախուսվել բնապահպանական կրթական ցանցի անդամների, բնապահպան անհատների, կազմակերպությունների և, որ ամենագլխավորն է, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից։
Հուսով եմ՝ այսպիսի ճամբարները ( թե՛ «Ասպետ» ռազմամարզականը, թե՛ «Հանրակրթական էկոտուր»-ի մրցանակակիրների ճամբարը) տարեցտարի էլ ավելի կընդլայնեն իրենց շրջանակները՝ հանրության կողմից ճանաչվելով որպես որակյալ կրթության կարևորագույն շարժառիթ։
Աննա Գսպոյան
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի