Վիճակն արվարձանում այսօր
Օրերս, Երևանի քաղաքային ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մեզ տրամադրեց այսպիսի պաշտոնական գրություն. «Հարավարևմտյան թաղամասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրինության «Կրթական պարտեզ» նախաձեռնության ֆինանսավորում (Բլեյանի առաջարկություն), որը համահունչ է Երևանում 16.11.2015թ. քաղաքապետարանի և ՎիվաՍել-ի կողմից նախաձեռնած հեծանվորդների համար ճանապարհներ ստեղծելու նախաձեռնությանը: Առաջարկությունը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսատնտեսական գնահատականով համապատասխան ծրագիր, որը սահմանված կարգով կուսումնասիրվի, կքննարկվի և հնարավորության սահմաններում հարցին կտրվի համապատասխան լուծում»:
1990-ից սկսած՝ տարբեր ինտենսիվությամբ ու ձևերով մենք բարձրացրել ենք բանգլադեշյան կրթական պարտեզի ստեղծման անհրաժեշտության հարցը, առաջարկել Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի մանկական-կրթական հաստատությունները՝ բոլորը, անկախ նրանց պատկանելությունից, մեկ կենսական տարածքում բարեկարգել՝ խելամիտ-գրավիչ-հարմար անցումներով՝ իրար հետ ու թաղի, կանաչապատումով-բարեկարգումով, ենթակառուցվածքներով։ Վերջին անգամ 2015-ի սեպտեմբերի 1-ին ենք դիմել Երևանի քաղաքապետին. «Ուզում ենք հավատալ, որ նոր ուսումնական տարին առիթ կդառնա մեր կողմից բազմիցս ներկայացված «Կրթական պարտեզ» նախագծին վերադառնալու համար, հատկապես որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով որոշված է «ներառական կրթությունը՝ որպես յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում»»։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝«Զորավար Անդրանիկի թաղամասի՝ շինարարական անունով Բ-1 բնակելի թաղամասը (այսուհետ՝ թաղամաս), եզրափակված Րաֆֆի, Զորավար Անդրանիկ, Առնո Բաբաջանյան փողոցներով, կառուցապատված է հիմնականում 1977-1986 թթ 9-11 հարկանի բնակելի շենքերով: Թաղամասում այսօր գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 4), թիվ 95 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 124), թիվ 93 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 69) և թիվ 98 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 85/5) նախադպրոցական հաստատությունները, «Տարոն» գեղագիտական դաստիարակության տունը (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 54), ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող Նոր դպրոց-պարտեզը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 47/1), Քոլեջը (հասցեն՝ ՀԱԶ, Զ Անդրանիկի 92/1), Գեղարվեստի դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 69/1), Մեդիակենտրոնը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 57), Մայր դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 25): Թաղամասում են գտնվում տասնյակի չափ մանկական խաղահրապարակներ:
Թաղամասի բնակիչները, թաղամասում գործող ուսումնական հաստատությունների սովորողները դժվարություններ են կրում թաղամասի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով հետիոտն, սայլակով, հեծանվով միջթաղամասային առօրյա հաղորդակցության ժամանակ. թաղամասի կառուցապատման ժամանակ բնակչության համար այս պարտադիր խնդիրը թերի է լուծվել, իսկ 1990-ականների հախուռն շինարարությունը վատացրեց վիճակը: Շուրջ 20000 բնակիչ, 1000-ի չափ նախադպրոցական սաներ, մոտավորապես 4000 տարատարիք սովորողներ ունեցող թաղամասը չի կարող հարմարեցված միջավայր չլինել, այնպիսին, որ բացառի խտրությունը և ապահովի հավասար հնարավորություններ ազատ տեղաշարժի։ Առաջարկվող «Կրթական պարտեզ» նախագիծն ուղղված է սահմանափակումների, խոչընդոտների վերացմանը, կլուծի բնակիչների ազատ-հարմար տեղաշարժի խնդիրը։
Թաղամասը կունենա նշագծված հեծանվուղի, հետիոտն անցումներ՝ հյուսիս-հարավ, հարավ-արևմուտք հատվածներն իրար կապող, ինչպես նաև՝ շրջանաձև: Կրթական պարտեզի կառուցումով թաղամասի հետիոտն անցումները բարեկարգվում-կանաչապատվում են, դառնում խնամված մշտապես: Թաղամասի ուսումնական հաստատությունների կադաստրային տարածքները (բակերը), դրանց հարող հողատարածքները կրթական-մարզական-մշակութային, հանգստի, զբոսանքի կիրառում են ստանում, կանաչ տարածքներ են դառնում:
Կրթական պարտեզի շահառուն թաղամասի բոլոր բնակիչներն են, թաղամասում գտնվող ուսումնական, այդ թվում՝ նախադպրոցական հաստատությունների ամեն մի սովորող-սան, աշխատող, յուրաքանչյուրը, որ որևէ ձևով առնչվում է թաղամասին: Կրթական պարտեզը որևէ ձևով չի վատթարացնի բնակչի, սովորողի, աշխատողի, հաստատության այսօրվա վիճակը. պարտեզի կառուցումով-գործարկումով բարելավվում է յուրաքանչյուրի կենսագործունեությունը։ Պարտեզի գործարկումով թաղամասը՝ որպես միջավայր կդառնա ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջով ամբողջովին ներառական, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի պահանջին համապատասխան՝ «հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացում» (հոդված 10)։
Քաղաքացիական նախաձեռնությունը գործում է: Կրթական պարտեզի շահառուներ, ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանը, Արամ Կիրակոսյանը ստանձնել են Կրթական պարտեզի նախագծման ճարտարապետական լուծում պահանջող խնդիրների լուծումը. գործը թափով առաջ են տանում: Կրթական պարտեզի նախագծի հետ տեղում մանրամասն ծանոթացել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Կրթական պարտեզը՝ որպես պիլոտային ծրագիր, տարածում կգտնի ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի, Գյումրիի, Կապանի, այլ քաղաքների բնակելի զանգվածներում: Կրթական պարտեզի առաջարկի սաղմնավորման փուլում իր աջակցությունն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախաձեռնությանն իր օրհնությունն է բերել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Կրթական տարածքին առնչվող, թաղամասի ուսումնական հաստատությունների նպատակային-անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքները Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: «Կրթական պարտեզը» գործում է որպես քաղաքացիական նախաձեռնություն: Երևանի քաղաքապետարանի նպատակային հատկացումներից բացի, կրթական պարտեզում 50/50 սկզբունքով կներառվեն կամավորական միջոցներ, ինչպես աշխատանքի, ծառայությունների, ապրանքների, այնպես և դրամական ձևով: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը ոչ միայն գործուն մասնակցում է, այլև Կրթական պարտեզի աջակիցների մեջ ներգրավում է ոչ կառավարական այլ կազմակերպությունների, ինչպես «Մանուկներ Հայաստանի», «ԻԴԵԱ», «Կրթասեր», «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն», «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամ և այլն։ Կրթական պարտեզը ներառված է կրթահամալիրի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության պայմանագրում։
Նախագծի հանրայնացման շրջանում «Բանգլադեշ անիվների վրա» նախաձեռնությունը լայն արձագանք գտավ քաղաքում, թաղամասում։ Դրա ազդեցությամբ իրականացվեց և գործում է առաջին մանկապատանեկան հեծանվային ակումբը, ապահով հանրակրթական հեծանվաուղին։ «Ideal Bikes in Armenia»-ի աջակցությամբ ստեղծվում է հեծանվային բաց արհեստանոց, որը կսպասարկի կրթական պարտեզի հեծանվավոր, սայլակավոր շահառուներին։
«Սեբաստիա» մարզադաշտը, որը կառուցվեց-բարեկարգվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ, այսօր բաց է թաղամասի բոլոր տարիքի բնակիչների համար. հեծանիվ, վազք, բացօթյա-մարմնամարզության, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, նետաձգություն, ռազմամարզական խաղեր, հրաձգություն... 2014-2015-ին անցկացվեց ամենամյա «Բանգլադեշ-արվարձան» պլեները, որին մանակցեցին սովորողներ, ուսուցիչներ Արցախից, Վրաստանից, մարզերից։ Պլեներն ուղղակի ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա ոչ միայն կրթահամալիրի տարածքում. դրա շրջանակում սովորողները մասնակցեցին Բ-4 թաղամասում Յու. Բախշյանի անվան մանկական այգու բարեկարգմանը, Բ-1 թաղամասում իրականացվեցին ձևավորման առանձին ակցիաներ։
Ամեն ամառ՝ հունիսի 1-ից սեպտեմբերի վերջը գործում են կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների բաց լողափերը, 2016թ. կգործարկվի նաև պատանեկան բացօթյա լողավազանը... 2016թ. նախատեսվում է անցկացնել ռազմամարզական ազգային խաղերի բաց առաջնություն դեռահասների համար, մարզական բաց խաղեր ուսուցիչների համար...
2015-ին նորոգված կրթահամալիրի բրուտանոցը, գործարկված հայրենագիտական-արշավախմբային կենտրոնը, ձիասպորտի կենտրոնը բաց են. թաղամասի բնակիչներն անարգել օգտվում են, կարող են օգտվել դրանցից։
Ինչպես հաշվել է կրթահամալիրի քոլեջի ուսանող Աննա Պետրոսյանը, Րաֆֆու պողոտայից թաղամասի հյուսիս-հարավ ուղղությամբ դեպի Մայր դպրոց և թիվ 181 դպրոց տանող մի կողմի նոր կառուցապատված աստիճանները 98-ն են, դրան զուգահեռ երկարաժամկետ անհայտ պատճառներով արգելափակված և աղբանոցի վերածված աստիճանները՝ 142,Անդրանիկ Զորավարի փողոցի կողմից քոլեջից թիվ 181 և Մայր դպրոց՝ արևելք-արևմուտք ուղղությամբ աստիճանները՝ 52...
«Կրթական պարտեզ» նախագծի տեսլականով ոգևորված ծնողների, բնակիչների, ուսուցիչների և սովորողների միջոցով բարեկարգվում են Նոր դպրոցի պարտեզի բակը, Քոլեջի բակային տարածքը, նրանց արանքում ընկած հողակտորի վրա հիմնվել է «Սեբաստիա» ուսումնական փորձարարական պտղատու այգին... Էապես բարելավվել-կանաչապատվել է Գեղարվեստի դպրոցի բակային տարածքը: Ցանկապատերի վերացումը թիվ 181 և Մայր դպրոցների իրար նայող հողային տարածքներից, հնարավորություն տվեց ստեղծել թաղամասի բնակիչների համար կենսական նշանակության զբոսայգի:
«Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնությունը համալրվում է նորանոր ակտիվիստներով: Թաղամասի բնակիչ Անահիտ Մելքոնյանը բացել է «Կրթական պարտեզ արվարձանում» ֆեյսբուքյան էջը, որին սկսել են ակտիվ արձագանքել տասնյակ շահառուներ, սովորողներ և ուսանողներ...
«Կրթական պարտեզ» նախագիծը, իհարկե, տարիների ծավալուն աշխատանք է, բայց որոշիչը 2016-ի աշխատանքն է, որը ապահովելու է արդեն քաղաքացիական նախաձեռնության ցանցի ստեղծումը ըստ շենքերի, ենթաթաղամասերի, երբ ամեն մի շենք, խաղահրապարակ, հատված, կապվում է նախագծի հետ, ներառվում է նախագծում և լուծում է կոնկրետ խնդիրներ։