Ամանորի տոնը հունվարի մեկին հայերը սկսել են նշել համեմատաբար ոչ վաղ անցյալում: Հունվարի մեկին Նոր տարվա կապակցությամբ միմյանց շնորհավորելով եզրափակվում էր ամեն ինչ: Կամաց – կամաց նոր շուք ու փայլ է հաղորդվել Տարեմուտ կամ Նոր տարի տոնակատարությանը:
Ամանորի տոնակատարության ավանդույթները հայոց մեջ խմբավորվում էին հետևյալ կերպ՝ բնակարանը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, զարդարելը, ծիսական ուտեստը, ծիսական այցելություններն ու մաղթանքները, բախտագուշակություններն ու չարը կանխարգելող հմայական խոսքերը:
Նոր տարվա տոնին բնակարանի մաքրությանն առանձնահատուկ կարևորություն էին տալիս տանտիկինները: Բնակարանից դուրս էին նետում անպետք, կոտրված իրերը, նորոգում էին բնակարանի քանդված մասերը: Բնակարանը պետք է շնչեր մաքրության բույրով: Բնակարանի զարդարանքը ոչ միայն գեղագիտական էր, այլև չարախափան ու բարեբեր: Պատերին և մուտքի դռան վրա փակցվում էին չար աչքի դեմ կիրառվող իրեր: Ընտանիքի բոլոր անդամներն այդ գիշեր պետք է լողանային ու հագնեին իրենց տոնական հագուստը:
Բժիշկ - առողջագետ ՝ Նելլի Այվազյան