• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ Լոռի, ի՞նչ Երևան, ընկերներ ենք չէ՞

 

«Տպավորություններս հիանալի են: Ինձ շատ դուր են գալիս կրթահամալիրը, լաբորատորիաները, գրադարանը: Նման բան չեմ տեսել ոչ մի այլ դպրոցում: Այստեղ ինձ ամենաշատը դուր եկավ միջավայրի ջերմությունը, ուսուցիչ-աշակերտ ջերմ հարաբերությունները ու դասերի անցկացմուն ձևը»,- պատմում է Հաղպատի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, 15ամյա Լենա Մաթոսյանը, ով այսօր մեծ խմբի հետ հյուրընկալվել էր կրթահամալիրում: Հյուրերը Լոռու մարզի տարբեր գյուղերից էին, 10-11-րդ դասարանի սովորողներ են: Կրթահամալիրում են երկու օրով, մեր ուսուցման եղանակին ծանոթանալու համար, քանի որ նպատակ ունեն իրենց դպրոցներում էլ կիրառել մեր փորձը:
Իր տպավորությունների մասին պատմեց նաև Արման Սողոմոնյանը, ով սովորում է Արևածագի միջնակարգ դպրոցում: Ասում է, որ «էստեղ լաբորատորիաներ կան, իսկ մեր դպրոցում ոչ: Նաև ընթերցասրահն է լավը: Մեզ մոտ էսպիսի պայմաններ չկան»: Նույն դպրոցի  աշակերտ Վազգեն Ղալայանը պատմում է, որ «մեր ու ձեր դպրոցի տարբերությունները շատ են: Դուք լավ պայմաններում եք սովորում, գրադարան, լաբորատորիաներ ունեք: Մենք էլ գրադարան ունենք, բայց էնտեղ գրքերը այսքան շատ չեն ու տեղում կարդալ էլ չենք կարող: Կցանկանայի սովորել ձեր դպրոցում»: 
Քարինջի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թագուհին էլ ասում է. «մեր դպրոցում կարելի է ասել միայն դաս,դաս,դաս ենք անում: Երկար դասմիջոցները կարճ են ու իրար հետ շփվել չենք հասցնում: Ձեզ մոտ այս խնդիրը չկա»:
Այսօր ժամը 11-ից նրանք արդեն կրթահամալիրում էինք: Սկզբում շրջեցին կրթահամալիրով, ներկա էին անգլիախոսների ակումբի քննարկմանն ու Նոր դպրոցի մեդիադասընթացին: Հետո միասին գնացինք Գեղարվեստի դպրոց ցուցահանդեսը նայելու ու տեղավորվելու համար: Հետո էլի Մայր դպրոց: Երեկոյան էլ զբասնեցին Երևանով: 
Նշեմ, որ արդեն ընկերացել ենք: Ու եթե անկեղծ լինեմ՝ չեմ ուզում, որ գնան: Ու չեմ ուզում տարբերություն դնենք ու ասենք՝ նա երևանցի է, մյուսը՝ լոռեցի: Ի՞նչ Լոռի, ի՞նչ Երևան, ախր ընկերներ ենք չէ՞:
Այսօր մեր նոր ընկերները կգիշերեն Գեղարվեստի հյուրատանը, իսկ վաղը երեկոյան կվերադառնան Լոռի: 
Դե… առայժմ Լոռեցիներ ու ընթերցող: Կհանդիպենք վաղը, վիրտուալ ու իրական mskh-ներում: