• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պահք

 

Պահքը հոգևոր կյանքը զորացնելու և զգացական հաճույքներից հրաժարվելու առիթ է:  Աստված պահեցողության պատվիրանը տվեց առաջին մարդուն դեռևս դրախտում. <<Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք>> (Ծննդ. Բ 16): Եվ քանի դեռ մարդն այս պատվերը  պահում էր, հրեշտակներին հավասար էր, սակայն երբ նախաստեղծները խաբվեցին սատանայից և կերան արգելված ծառից, արտաքսվեցին դրախտից և դրվեցին նզովքի ու մահվան տակ:

Հայ եկեղեցում կան օրապահքեր՝ չորեքշաբթի և ուրբաթ, շաբաթապահքեր և մեծ պահք, որը նախորդում է Սուրբ Հարության տոնին: Այդ օրերին հրաժարվում ենք կենդանական կերակուրներց և օգտագործում բուսական ծագում ունեցող սնունդ: Սակայն պահքի օրերը միայն սննդամթերքի որոշ տեսակներից հրաժարման օրեր չեն, այլ մեզ՝ հաճույքներից, վայելքներից հեռու պահելու, ինչպես նաև խոկման, ինքնաքննման, բարեգործության, զղջման և ապաշխարության, մեղքերից ազատման և հոգիների մաքրման օրեր, որպեսզի առավել ևս խորացնենք և զորացնենք մեր հավատքը և Քրիստոսով վերարժևորենք մեր կյանքը: Պահքը կամ ծոմապահությունը պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ ի փառս Աստծու և եթե այն դառնում է ինքնանպատակ, այսինքն՝ փառասիրության,  կեղծավորության կամ էլ նիհարելու համար, այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ: Շարականներ, մեղեդիներ, Ավետարանական ընթերցումներ, աղոթքներ. ահա այն ամենը, որոնցով սնվելու է մարդու հոգին պահքի ընթացքում:

 Մեծ պահքի  6 կիրակիները կազմում են այն գեղեցիկ ոսկե շղթան, որը մարդուն խորհելու հնարավորություն է տալիս:

Առաջինը՝ բուն բարեկենդանի կիրակին է, որը նշանակում  է կենդանություն, երանավետ ուրախալի վիճակ և խորհրդանշում է  նախամարդու դրախտում ապրած երանելի օրերը:

Երկրորդ կիրակին, որը այս տարի փետրվարի 17-ին է, կոչվում է արտաքսման կիրակի, այն խորհրդանշում է  մարդու՝  անհնազանդության պատճառով դրախտից արտաքսվելը:

Երրորդ կիրակին կոչվում է անառակի կիրակի, որը կոչ է անում բոլոր անբարո, անառակ կյանք վարողներին զղջման և դարձի գալու և քրիստոնյավայել ու աստվածահաճո կյանքով ապրելու:

Չորրորդ կիրակին կոչվում է տնտեսի կիրակի. մարդն այս աշխարհում Աստծո կողմից տնտես է՝ լավագույնս տնօրինելու  աստվածապարգև մեր կյանքն ու աստծո շնորհները՝ գիտակցությամբ , որ մի օր պատասխան ենք տալու Աստծուն:

Հինգերորդ կիրակին կոչվում է անիրավ դատավորի կիրակի, որը մշտապես,  անտրտունջ ու հարատևորեն  այրի կնոջ նման աղոթելու և իր իրավունքներն վերականգնելու խորհուրդն ունի:

 

Վեցերորդ կիրակին, որը կոչվում է գալստյան կիրակի, որը  Քրիստոսի երկրորդ գալստյան խորհուրդն ունի: 

Պահոց այս շրջանը հոգևոր մի ուխտագնացություն է, լի խորհրդածություններով ու ինքնաճանաչմաբ՝ արժևորելու մեր աստվածապարգև կյանքը: