• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ժամանակակիցը. Արամ Պաչյան

Այսօր` մարտի 7-ին, կրթահամալիրի Մայր դպրոցի Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից հայ գրող Արամ Պաչյանի հետ: Հանդիպումն առաջինն էր «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շարքից և իրոք սպասված էր:

Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Հանդիպումն այնքան կենդանի էր, որ ստիպված երկու մասի բաժանվեց: Հիմնական հանդիպումից հետո ավելի փոքրիկ խմբով զրույցը շարունակվեց: Աշակերտներն ու ուսուցիչները տվեցին մի շարք հարցեր: Դրանք ավելի շատ վերաբերում էին գրողի գրական կյանքին, ստեղծագործություններին, զգացողություններին ու վերաբերմունքին: 

-Գրելուց հետո դուք Ձեր իսկ ստեղծագործությունները կարդալիս ի՞նչ զգացողություն եք ունենում:

-Զգացողությունները տարբեր են: Ինձ համար գրելը մեծ հաճույք չէ: Բայց գրելուց հետո մի տեսակ դատարկվում եմ:

-Արդյո՞ք այդ դատարկվելն է ստիպում Ձեր ստեղծագործությունների մեջ լինել թախծոտ:

-Իմ աշխարհայացով ես պեսիմիստ եմ, բայց այնպես չէ, որ ես միայն վատն եմ տեսնում: Շատ մարդիկ են ասել այդ մասին, բայց անկեղծ ասած ինձ չի հետաքրքրում: Իմ մեջ կա լուսավոր պեսիմիզմ: Ես այդպես եմ տեսնում: 

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ գրական խմբակների կարիքը հիմա չկա, բայց եթե ոչ այդպիսի խմբակներում, որտե՞ղ հանդիպեն պատանիները գրողներին: 
-Այո դեմ եմ գրական խմբակներին, պետք չէ սովորեցնել բանաստեղծություններ գրել, պետք չէ ստիպել գրել: Ամերիկացի գրողներից շատերը կարծում են, որ ամերիկացի լավագույն գրողներին փչացրել են այդ խմբակները: Իսկ դուք ինչպե՞ս հանդիպեցիք ինձ: Եթե մյուս դպրոցները շահագրգռված լինեն, ապա կկարողանան կապ ստեղծել, քանի որ կա նաև համացանց: Ակտիվությունը պետք է երկկողմանի լինի:

-Որքանով տեղյակ ենք, գրողների միության անդամ չեք:

-Այո:  Ես մի քանի անգամ հրաժարվել եմ անդամ լինելուց:  Անդամատոմսն էլ անիմաստ է: Բացես ասես՝ ես գրո՞ղ եմ: Կարծում եմ` գրողների միությունն իրեն սպառել է:

Հարցերը երբեմն այնքան անսպասելի էին, որ պատասխանելուց առաջ Պաչյանը մի քանի րոպե մտածում էր: Երևի չէր սպասում, որ այսքան պատրաստված լսարան է սպասում իրեն: 

Նա եկել էր իր հարսնացուի հետ: 

Նախագիծը սկսվեց: Հիմա պետք է պատրաստվել հաջորդ հանդիպումներին: 

Լիլիթ Աղաջանյան

info.mskh ակումբ