Հիմա ավարտական քննական շրջան է: Չորրորդներն արդեն ստուգել են մայրենիի ու մաթեմատիկայի իրենց գիտելիքները: Նրանք հիմա մասնակցում են իրենց ուսումնական կարողությունների ուսումնասիրության հաջորդ փուլի աշխատանքին։ Իսկ իններորդցիները դեռ մի քանի քննություն էլ ունեն:
Երեկ կրթահամալիրում անցկացվեց 9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը, որին մասնակցում էին 109 սովորող: Քննությունն ընդհանուր առմամաբ նորմալ անցավ, հանգիստ, միայն մի արտակարգ պատահար գրանցվեց. սովորողը հեռախոսից օգտվել էր քննության ընթացքում: Հանձնաժողովը որոշել էր նրան հեռացնել քննությունից: Հանձնաժողովի ղեկավար Լուսինե Ալեքսանյանն ասաց, որ այդ սովորողը հնարավորություն կունենա վերահանձնելու:
Քննության արդյունքները այսօր երեկոյան կհրապարակվեն, նաև կուղարկվեն սովորողների անձնական էլեկտրոնային հասցեներին:
Իսկ այսօր քննություն են հանձնում 12-րդցիները: Այս պահին Քննական կենտրոնում աշխարհագրության, կենսաբանության և ֆիզիկայի քննական թեստերն են լրացնում 151-ից 150 սովորող: Մինչ այս պահը տեղի է ունեցել մեկ արտակարգ դեպք. դպրոցի տարածքում ծխելու համար սովորողին թույլ չի տրվել մասնակցել քննությանը: Այլ բացակա չկա: Քննությունն անց է կացվում վեց սենյակներում: Բոլոր սենյակներում մի սեղան կա, որի վրա հանձնաժողովի անդամները հավաքել են սովորողների հեռախոսները:
Քննական թեսթերը ԳԹԿ-ն` Գնահատման և թեստավորման կենտրոնը, ուղարկում է համայնքնի որևէ դպրոց, որտեղից էլ բաժանվում է մնացած դպրոցներին: Այս տարի թեստերը Մալաթիա-Սեբաստիա համայնքում բաժանվում են Մուշեղ Իշխանի անվան թիվ 176 դպրոցից: Մեր կրթահամալիրից Ռուբեն Սահակյանցն է բերում փաթեթավորված թեստերը:
Քննությունից առաջ ամեն քննասենյակից մեկ սովորող եկավ Քննական կենտրոնի գրասենյակը, որտեղ էլ Լուսինե Ալեքսանյանը խնդրեց համոզվել, որ փաթեթները վնասված չեն, և սովորողներից մեկը բացեց փաթեթը:
Ամեն ինչ ընթացավ ըստ կարգի:
Սովորողների համար միջանցքում մի քանի տեղում ջուր և բաժակներ են դրված:
Այստեղ է նաև առողջագիտության մեր դասավանդող Քրիստինե Սահակյանցը, ով անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն կցուցաբերի: Լավ կլինի, որ նա ոչ ոքի օգնելու առիթ չունենա:
Առայժմ այսքանը:
ԼիաՄովսիսյան
Info.mskh լրատու