Երեք օր, երեք դպրոց. եթե տարվա եղանակների հետ համեմատենք, ապա առաջին օրը` գարունը, մեր կրտսեր դպրոցն էր իր առողջ սերմնացանով, կանաչ ածիկներով ու նորաբաց ծաղիկների արբեցնող բույրերով: Նրանք իրենց մայրենիի հետ ռուսերեն ու անգլերեն էին սովորել ու հենց այդ օտար լեզուներով էլ ներկայացան ստուգատեսին` ռուսերեն և անգլերեն: Իրենց սովորողներով մեզ հիացրեցին կրտսեր դպրոցներում օտար լեզու դասավանդողներ Հերգնյան Էլեոնորան, Գանջալյան Աննան, Սիմոնյան Էլինան, Պողոսյան Աստղիկը, Մանուկյան Լալան և Իրինա Ապոյանը: Առաջին օրը 20 աշխատանք ներկայացվեց: Աշխատանքները տարբերվում էին իրենց բովանդակությամբ և ներկայացման ձևերով և հենց այդ տարբերությամբ էլ գրավիչ ու հետաքրքիր էին: Ինձ համար հայտնություն էր Հերգնյան Էլեոնորայի օգտագործած համակարգչային անիմացիոն ծրագիրը: Լեզվի գործնական կիրառումը միահյուսված էր ստեղծագործական լայն հնարավորությունների հետ:
Երկրորդ օրը` ամառը, միջին և հիմնական դպրոցներն էին իրենց արդեն տերևակալած ու նոր շյուղեր տված տնկիներով: Երկու օտար լեզուներին էլ արդեն միացել էր երրորդը` արաբերենը: Ժաննա Հակոբյանի, Աննա Էլնազարյանի, Լուսինե Բուշի, Լալա Մանուկյանի և Սևանա Քելեշյանի սաները մեծ տպավորություն գործեցին Կրթության ազգային ինստիտուտից եկած մասնագետների վրա: Ինչպես Անուշ Խաչիկյանը խոստովանեց, նման արտադասարանական, ոչ ֆորմալ կրթական ձևերի կիրառումը բացառիկ արդյունավետ են և սովորելուն դրդող:
Երրորդ օրը` աշունը, ավագ դպրոցներն էին իրենց արդեն հասունացած ու հյութալի բերքով: Խոստացված լեզուների տոնը իրականացավ. գրադարանի ընթերցասրահում հնչեց 6 օտար լեզու: Իրենց աշխատանքներով ներկայացավ 22 սովորող: Կլոր սեղանն արդեն լիարժեք համապատասխանում էր իր բուն էությանը: Եթե մենք հիանում էինք կրտսեր դպրոցի սովորողներով հենց միայն իրենց պատրաստվածության, կատարած աշխատանքի ու օտար լեզվով նրանց, միգուցե, առաջին ելույթի փաստով, ապա ավագ դպրոցի սովորողներին արդեն տրվում էին հարցեր և ակնկալվում հանպատրաստի պատասխաններ, և երբեմն էլ պատասխանները գերազանցեցին բոլոր սպասումները և մեր ստուգատեսը վերածվեծ մի իսկական լեզուների տոնի: Շատ եմ ափսոսում միայն, որ այդ ամենը չնկարահանվեց: Տեսնել էր պետք Ռինա Շագինյանին ու իր խրոխտ թիմին: Ներկայանում էին ու ներկայացնում իրենց նյութերը նախ վրացերեն և հետո` հայերեն: Պատասխանատվության մեծ զգացում ունի Ռինա Շագինյանը: Նա ներկայացրեց նաև կրթահամալիրի կայքի վրացերեն էջը, որը մեր կայքի օտար լեզվով ստեղծվող ամենահարուստ էջերից մեկն է: Ռինան ասաց, որ մեր կրթահամալիրի վրացերեն էջը մեր հանրապետությունում միակ վրացերեն էլեկտրոնային մեդիա միջոցն է: Տեսնել էր պետք Աիդա Գրիգորյանին: Իր նյութը իսպաներեն ներկայացնելուց հետո, նա իմ անսպասելի պահանջով ներկայացրեց այն նաև անգլերեն: Նույնը Արեց նաև Հայկ Ղազարյանը`թուրքերենից հետո անգլերեն: Հետաքրքիր ու մի քիչ էլ զվարճալի ստացվեց, երբ գերմաներեն դասավանդող Օֆելյա Հարությունյանի աշակերտ Վահե Աբրոյանին խնդրեցինք թարգմանել իր ասածը, քանի որ ոչ ոք չէր հասկանում իր գերմաներենը, նա սկսեց թարգմանել այն անգլերեն: Կարծես անգլերենը մեր կրթահամալիրում մայրենի լեզու է դարձել: Թարմության, կենսուրախության շունչ բերեց Սոնա Արսենյանը իր կայտառ ու սահուն ռուսերենով: Մի իսկական բացահայտում էր, և իսկապես էլ տեսնել էր պետք Գեղարվեստի ավագ դպրոցի սովորող Անի Ակկամին, դասավանդող`Հայկուհի Հովհաննիսյան: Նա մի քանի նախադասություններով նույն միտքը կարողանում է ներկայացնել այնպես, ինչպես կներկայացներ ֆրանսիացին, հնդիկը, ամերիկացին ու անգլիացին: Ճիշտ էլ ընտրել է իր տեղը` թատերական խումբ: Հովհաննես Ալեքյանն էլ ներկայացրեց Քեն Ռոբինզոնի "Ինչպես խուսափել կրթության մահվան հովտից" հոդվածի թարգմանությունը: Մի ուսումնական տարի դասավանդել եմ Հովհաննեսին ու միշտ էլ հիացել եմ նրա կշռադատված մտքերով, բայց այդպիսի դիվանագետի լուրջ դեմքով ու հավաք մտքերով, բառապաշարի հարստությամբ ու լեզվական կառուցվածքների ճշգրտությամբ Հովհաննես չէի տեսել: Ճիշտ է, որ կան մարդիկ, ովքեր պատասխանատու պահերին գերազանցում են իրենք իրենց: Թող ներեն ինձ նրանք, ում անունը չտվեցի իմ այս ամփոփիչ նյութում: Բոլոր մասնակիցներն էլ իրենց ներդրումը բերեցին մեր այս առաջին թարգմանչական ստուգատեսը լեզուների տոնի վերածելու համար:
Լուսանկարները՝ Ռուզան Ամիրխանյանի և Գառնիկ Արզումանյանի - ինֆո ակումբ