Լինում են դրվագներ, երբ հակադրությունների էֆեկտն ի զորու չէ բերել իրական ճշմարտության: Կամ այդ ճշմարտությունը հենց մեր կողքին է, բայց մենք չենք տեսնում այն: Դա թույլ չի տալիս մեր մեջ տեղ գտած սուբյեկտիվը: Դա այն է, երբ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, կամ գոնե ուզում է, որ իր պատկերացրածը լինի ճշմարիտ: Նման դեպքերում, իրականությունը զիջում է: Զիջում են դրանից բխող բոլոր մտորումները և գոյը տեղափոխվում է միայն զգայական դաշտ: Այս դաշտում չկան կանոններ, օրենքներ կամ սահմանումներ: Այս դաշտը թռիչքային է, յուրօրինակ և ներանձնական իր բոլոր դրսևորումներով: Սա այն տարածքն է, որտեղ յուրաքանչյուրն ազատ է: Ճախրում է: Բացառիկ է: Տեսակն ընդունակ է ամենի: Բայց դա միայն զգայականում, հուզականում և ներաշխարհում: Իսկ այն յուրաքանչյուր դրվագի սպառնում է գալ իրականության միջավայր, որտեղ այլ ճշմարտություններ և պարտադրանքներ են տիրում:
Ինչու՞ եմ գրում: Արցախում գտնվելիս, անկախ հոգեվիճակիցս և կատարածս աշխատանքից, իմ մեջ արժևորվում և նոր շունչ են ստանում բոլոր տեսակի սերերը: Իսկ նման մարդը դառնում է առավել սխալական: Բայց… հիշենք, միայն գոյերի պարտադրած միջավայրում, իսկ իր աշխարհում, նա դառնում է բացառիկ: Իսկ բացառիկությունը յուրօրինակ խթան է ցանկացած սոցիալական կենդանու համար, ով ի վիճաի է թեկուզ քիչ, բայց երազել: Եվ այստեղ է, որ գործում է հակասությունների ոսկե մեխանիզմը: Մի կողմից լեռները, դավադիր անտառը, հորիզոնում ինտիմ կապի մեջ գտնվող երկիրն ու երկինքը ստեղծելու անմար ձիրք են տալիս, մտածելու անսահման անհուն, մյուս կողմից ընդգծվում է կենցաղը, որտեղ, եթե դու մշակութապես անպաշտպան ես, կդառնաս ռաբիս(զ)ի մոլի սիրահար: Գյուղական մաքուր խաղիկների էֆեկտն աֆեկտի վիճակի կբերեն, իսկ հետնախորշայինը կստիպի, որ մերթ ընդ մերթ զզվես ինքդ քեզանից, բայց առավել արժևորես: Ու մտածես, մտածես երկար ու հետևես երկնքի ու երկրի արարող բախմանը:
Հ. Գ. ԼՂՀ, Ասկերանի շրջան, Նոր Այգեստան գյուղ, Բալուջա ճամբար, 02.02.2013թ.: Ժամը՝ 3.20-4.15 (գիշեր)