• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ինչպես ընտրեցի info.mskh ակումբը

Երբ սեպտեմբերի 2-ին առաջին անգամ եկա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, տեղեկացա, որ այս դպրոցում գործում են տարբեր ակումբներ եւ դրանցից մեկը info.mskh ակումբն է: Եվ քանի որ ես ապագա լրագրող եմ, ընտրեցի հենց այդ ակումբը` լրագրություն սովորելու նպատակով: Ես ծանոթացա իմ ուսուցչուհու՝ ընկեր Գայանեյի հետ, որը մասնագիտությամբ լրագրող է: 
Այս 1 ամսվա ընթացքում մենք սովորեցինք լրագրության հիմունքները՝ լրագրությունը սոցիալական ինսիտուտ է, որի կոչումը հանրային կարծիք ձևավորելն է: Առայժմ լրագրության բազմաթիվ ժանրերից մենք անցնում ենք լուրը (տեղեկատվությունը): Ես հասկացա, որ ամեն օր մեր կյանքում հանդիպող նորությունները, լուրերը, գրելու եւ հաղորդելու համար շատ կոնկրետ գիտելիքներ են պետք: Լուրը պետք է կառուցել «ինչ», «որտեղ» եւ «երբ» հարցերին պատասխանելու պարտադիր սկզբունքով:  Լուրը պետք է լինի ճշգրիտ եւ պարունակի փաստեր: Ընկեր Գայանեն հենց առաջին օրը մեզ ասաց, որ լրագրության մասին գիտելիքներ ստանալուն զուգահեռ, մենք զբաղվելու ենք պրակտիկ լրագրությամբ` լուսաբանելու ենք մեր կրթահամալիրում տեղի ունեցող կրթական, մշակութային եւ այլ գործընթացներ: Նա ասաց, որ մեր ակումբը իրականում կրթահամալիրի կայքի info.mskh էջի խմբագրությունն է, որտեղ մենք տեղադրելու ենք մեր նյութերը:  
Այսպես, ակումբի շրջանակներում մենք լուսաբանեցինք կրթահամալիրի աշնանային բաց հավաքը: Շրջեցինք դպրոցներում,  հավաքեցինք տեղեկություն եվ մեր անցած թեմաների սկզբունքով լուսաբանեցինք այն mskh.am կայքում: Որպես տեղեկատվության միջոցի, մենք ծանոթացանք նաեւ ֆոտոլրագրությանը: Ֆոտոն, ինչպեսեւ լուրը, տեղեկություն հաղորդելու միջոցներից մեկն է: Ընկեր Գայանեն ասում է, որ լուսանկարը գրավոր լուրի հաստատումն է, իսկ գրաավոր լուրը` ֆոտոյի լրացումն է: Կարելի է նաեւ առանձին ֆոտոլուր հաղորդել, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է այն գրավոր մատուցել, թեկուզ մեկ նախադասությամբ գրել, թե ե՞րբ է արված լուսանկարը եւ որտե՞ղ: 
Ես գիտեմ, որ լավ լրագրող դառնալու համար պետք է դեռ շատ բան սովորել եվ հույս ունեմ որ այս ակումբը իր մեծ դերը կունենա իմ ապագա կարիերայում: Ընկեր Գայանեն մեզ խոստացել է տանել հեռուստաընկերություններ եւ կայքերի խմբագրություններ, որ տեղում, մոտիկից ծանոթանանանք լրագրության «խոհանոցին» եւ տեսնենք, թե առաջատար լրագրողներն ինչպես են աշխատում:
Այսօր մեր ակումբի հավաքին էլ մենք ամփոփեցինք մեր անցած մեկ ամսվա աշխատանքը, որպես կրկնություն, հետագայում լրագրության մյուս ժանրերին անդրադառնալու համար: 
Գառնի Մութաֆյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.  info.mskh ակումբ