Մի իրականացված նախագծի պատմություն, երբ նույնիսկ չգիտեի, թե ինչ է նախագիծը
Վիլյամ Շեքսպիրի «Անբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ սոսկ դերասաններ» նախադասությունը թևավոր խոսք է դարձել գրեթե բոլոր լեզուներում, բայց զարմանալին այն է, որ Շեքսպիրի «Ինչպես կամենաք» պիեսը, որի մեջ պետք է լիներ այս մենախոսությունը, չի թարգմանվել հայերեն: Ամեն ինչ սկսվեց այդ մենախոսությունը թարգմանելուց հետո: Թարգմանելուց հետո այն ներկայացրեցի իմ անգլերենի խորացված ուսուցմամբ դասարանին: Այդ ժամանակ նրանք իններորդ դասարանում էին` Սողոմոնյան և Բլեյան Շուշանները, Լիանա Առաքելյանը, Հայարփի Ավանեսյանը, Արփինե Սահակյանը … Կարծում եմ` հիշեցիք բոլորին: Այդ մենախոսությունը քննարկեցինք տող առ տող և հանգեցինք այն մտքին, որ ոչինչ չի փոխվել մարդու էության մեջ Շեքսպիրի ժամանակներից ի վեր: Լոնդոնում նույնիսկ արձան կա այդ բանաստեղծության մտքին համահունչ: Դրանից հետո միտք հղացանք որոնել և գտնել ժամանակակից անգլալեզու բանաստեղծների գործեր, որոնք կարող էին համահունչ լինել մարդու կյանքի տարբեր փուլերը նկարագրող Շեքսպիրի տողերին: Կարդացինք տասնյակ բանաստեղծություններ, որոնցից ընտրեցինք մեր կարծիքով ամենալավերը և սկսեցինք թարգմանել դրանք հայերեն: Բանաստեղծություններն այնքան լավն էին, ու մենք էլ այնքան ոգևորված էինք, որ կրթահամալիրի փոքր դահլիճում գրական- երաժշտական ներկայացում տվեցինք: Դա էլ էր քիչ` Աշոտ Բլեյանի աջակցությամբ այդ բանաստեղծությունների գիրքը հրատարակեցինք: Այդ գրքի մի օրինակը հետագայում նվիրեցի անգլիացի նշանավոր լեզվաբան, շեքսպիրագետ Դավիդ Քրիսթալին, երբ հրավիրված էի Միացյալ Թագավորության դեսպանատուն: Այդ գրքի թղթային իմ վերջին օրինակն էր դա: Բանաստեղծությունների թարգմանությունների էլեկտրոնային տարբերակները պահպանվում են: