Մայիսի 16-ին՝ մայիսյան 9-րդ հավաքի հինգերորդ օրը առավոտից կրթահամալիրի մեդիակենտրոնում հյուր էին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ աշխատակիցների հետ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հանրակրթական դպրոցների տնօրենները։
Տիար Բլեյանը համբերատար ներկայացրեց առաջին հարկում գործող մանկական ակումբը, աստղացուցարանը, պատասխանեց հարցերին, որից հետո կլոր սեղանի շուրջ շարունակվեց քննարկումը: Մանրամասն ներկայացրինք կրթահամալիրի կայքը, մեդիագրադարանը, ամսագրերը, բլոգները, ակումբները: Ցուցադրություններն ընդմիջվում էին հարցերի տարափով, սպառիչ պատասխաններով, ցանկությունների բռնկմամբ...
Երևակարատև քննարկումը, որ բուռն էր, ներկաների մեծ մասին բերեց որոշակի եզրահանգման, որ կրթական ոլորտում փոփոխությունները անխուսափելիորեն անհրաժեշտ են:
Կլոր սեղանն ավարտվեց միջին դպրոցում շրջայցով, ուսումնական ընթացքի ներկայացմամբ։ Ավարտը ընթացքից քաղցր էր. հյուրերը մասնակցեցին ուսումնական ընդմիջմանը: