Ֆարիդա Նուրպեիսովա. փաստաբանների՝ Ալմա-Աթայի քաղաքային կոլեգիայի անդամ
Ձեր երեխայի հարցերից ոչ մեկն անպատասխան մի՛ թողեք
Թանկագի՛ն ծնողներ, հիշեք, այն պահից, ինչ Ձեր տանը երեխա է ծնվել, դուք պիտի ուշքի գաք։ Իր ճանապարհի սկզբում երեխան շատ դժվարությունների է հանդիպում այս աշխարհում։ Եվ, իր բնույթից ելնելով, անվերապահ հավատում է ծնողին։ Դուք նրա համար ԱՄԵՆ ԻՆՉ եք։ Իմացեք և հիշեք սա նրա հետ շփման ամեն վայրկյանին։ Շնորհակալ եղեք Ձեր երեխային Ձեզ արած այդ շնորհի համար։ Ձեր զավակի առաջ ծնկի եկեք, կքանստեք կամ նստեք նրա կողքին և լսեք նրան։ Լսեք նրա հարցերը, պատասխանները, դատողությունները։ Խոսեք նրա հետ, պատմեք նրան շուրջը կատարվող ամեն ինչ և հետևեք նրան։
Ձեր երեխայի հետ շփվելու այդ հրաշալի րոպեներին պիտի մոռանաք Ձեր բոլոր «կարևոր գործերը», ոչ մի տեղ չպիտի շտապեք։
Թող ձեր երեխան հասկանա, որ ինքը Ձեր կյանքում շատ կարևոր ու գլխավոր մի բան, մի մարդ է։ Նա դա անպայման պիտի զգա։ Հետաձգեք Ձեր բոլոր գործերը, քանի որ Ձեր կյանքի գլխավոր գործը Ձեր երեխայի սիրտը տանող ճանապարհը գտնելն ու չկորցնելն է։ Այդ ճանապարհն անպայման կգտնեք, եթե մշտապես խոսեք Ձեր երեխայի հետ։ Այդ ճանապարհն անպայման կգտնեք, եթե Ձեր երեխայի անհատականության նկատմամբ անկեղծ հետաքրքրություն ու հարգանք դրսևորեք։ Այդ ճանապարհն անպայման կգտնեք, եթե վերաբերվեք Ձեր երեխային որպես ամենաթանկ ընկերոջ։
Երեխաներն այս վերաբերմունքը շատ լավ են զգում, որովհետև շատ ուժեղ ու շատ խորը ունեն դրա պահանջը։ Աշխարհին նայեք երեխայի աչքերով, և Դուք նրան անպայման կհասկանաք, և նա էլ, անկասկած, կհասկանա Ձեզ։ Եվ անսահման շնորհակալ կլինի Ձեզ, որ իրեն՝ փորքիկ մարդուն, վստահում ու հարգում եք։ Դուք պիտի ցավի չափ սուր զգաք, որ այդ փոքրիկ մարդը, ում Դուք կյանք եք պարգևել, Ձեզնից թանկ ոչ ոք չունի։ Նա միշտ վազում է Ձեզ մոտ, բախում է Ձեր դուռը։Մի՛վանեքնրան, մի՛ խրտնեցրեք այդ փոքրիկ հրաշքին։ Ձեր բղավոցից ու համբերատարության պակասից երեխայի հոգին կարող է փակվել պատյանում, որը լուռ կկողպվի ձեր քթի տակ։ Դուք կլինեք Ձեր երեխայի՝ իր նկատմամբ հավատը կորցնելու պատճառը։ Պինդ բռնեք նրա ձեռքը և ձեր փոքրիկ ընկերոջ հետ կողք կողքի քայլեք։ Միշտ հավատացեք նրան, և Ձեր երեխան հավատարիմ կլինի Ձեզ։
Հ.Գ. Երբ դուք շրջապատողներին հաճոյանալու համար գոռում եք Ձեր երեխայի վրա, դավաճանում եք նրան։ Ինչ էլ որ անի Ձեր երեխան, ինչ էլ որ խոսեն նրա մասին, դռան հետևում թողեք պատժելու ծարավ մարդկանց, մենակ մնացեք Ձեր զավակի հետ։ Ձեր սրբազան նպատակը նրա հետ հանգիստ խոսելն է։ Նստեք կողքին ու լսեք նրան։ Դուք միայն մի ցանկությամբ պիտի համակվեք. հասկանալ՝ ինչու է Ձեր երեխան հենց ԱՅԴՊԵՍ վարվել, հենց ԱՅԴ ԲԱՆՆ արել։ Անպայման կհասկանաք, եթե հենց դա ուզեք։ Հասանելի, հանգիստ բացատրեք երեխային արարքի Ձեր մեկնաբանությունը, բերեք օրինակներ, պատմեք Ձեր փորձից, բայց թողեք ինքն ընտրի։ Եթե հենց այսպես վարվեք, Դուք երեքայի աչքերում երախտագիտություն կտեսնեք։ Նա ճիշտ ընտրություն կանի։ Ձեր երեխան Ձեզ չի դավաճանի։ Դուք էլ նրան մի՛ դավաճանեք։
Սիրելի՛ գործընկեր-ծնողներ, թող ձեր աչքերը ուրախությունից փայլեն, իսկ սրտերը զգայուն մնան։
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը