Այսօրվա թարգմանչական ստուգատեսի սեմինարը շատ հետաքրքիր և ուսանելի անցավ թե' ինձ և թե' բոլոր ներկա գտնվողների համար:
Սկզբում սեմինարը վարում էր տիար Գևորգը: Նա խոսեց իր կատարած մի շարք թարգմանությունների մասին, որտեղ առանձնացրեց մի քանի հեղինակների` Սեյմոն Սոլովեյչիկի, Դմիտրի Լիխաչովի, Ռիչարդ Ֆեյմանի անունները, ում աշխատությունները մեծ սիրով ու ոգևորությամբ ներկայացրեց: Տիար Գևորգը թարգմանության մեջ շատ է կարևորում խմբային աշխատանքը, որով նա փորձում է ուրիշներին էլ ոգևորել ու ներգրավել իր թարգմանական աշխատանքների մեջ:
Հաջորդ հանդիպումը կայացավ թարգմանչուհի Նունե Թորոսյանի հետ: Նա ասաց, որ գեղարվեստական թարգմանությունը մի միջոց է, որը մեզ հաղորդակից է դարձնում մնացյալ աշխարհին, այլ ժողովուրդների մշակույթին: Նունե Թորոսյանը գեղարվեստական թարգմանություններ անելու մի քանի կարևոր սկզբունքներ առանձնացրեց.
1.Թարգմանությունը պետք է լավ հայերենով գրված լինի:
2. Շատ կարևոր է որսալ հեղինակի ոճը:
3.Պետք է զգալ հեղինակի զգացողությունները, հույզերը:
4.Շատ ուշադրություն պետք է դարձնել քերականական ձևերին՝ չխուսափելով բնական, առօրյա ոճից:
5. Թարգմանել այն գրքերը, որոնք կարդալուց ինքդ հաճույք ես ստացել:
Շնորհակալություն և′ Գևորգ Հակոբյանին, և′ Նունե Թորոսյանին՝ այսքան հետաքրքիր ու բովանդակալից սեմինարի համար: