Քանի օր է` ինչ սկսել եմ ծանոթանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանին:
Այսօր Նոր դպրոցում էի... Եկա, երբ երեխաները նախաճաշում էին: Շատ անսպասելի էր ինձ համար, որ նրանք ինձ ճանաչեցին, նույնիսկ անունս էին հիշում:
Օրս սկսվեց նրանց ուրախ ողջույնով ու շարունակվեց նույն տրամադրությամբ: Մասնակցեցի երեխաների խաղերին, տիկնիկային ներկայացում բեմադրեցինք, միասին պարեցինք, հեքիաթ հորինեցինք ու գրի առանք այն: Տեսա երեխաների ստեղծագործությունները` նկարներ, տիկնիկներ և այլն: Ցավոք, առավոտյան նախավարժանքին ներկա չգտնվեցի: Վաղն անպայման կլրացնեմ այդ բացը:
Կուզեի նշել, որ հիացած եմ` տեսնելով, որ երեխաները չեն սահմանափակվում, նրանց գործունեությունը հնարավորինս ազատ է: Երեխան ունի ինքնադրսևորման, ստեղծագործելու մեծ հնարավորություն, հնարավորություն մեծանալու ոչ թե որպես կարտարող, այլ ստեղծագործող անձ: Երեխաների խմբային աշխատանքներին, համատեղ գործունեությանը մեծ նշանակություն է տրվում. սա ինձ շատ է դուր գալիս, քանի որ երեխաներն աստիճանաբար սոցիալական հմտություններ են ձեռք բերում:
Օրս բավականին հագեցած էր. պետք է որ հոգնածության զգացում ունենայի, սակայն անգամ ֆիզիկապես հոգնած չեմ: Երեխաներից ստացած արևային էներգիան ինձ ամբողջ օրն առույգ ու աշխույժ պահեց:
Մարինե Մարտիրոսյան