Ըստ հին հունական առասպելաբանության, բժիշկների ու բժշկական արվեստի աստվածը եղել է Ասկլեպիոսը: Նա ոչ միայն ապաքինել է բոլոր հիվանդներին, այլ մինչև իսկ մեռածներին է հարություն տվել: Ասկլեպիոսը ունեցել է երկու դուստր` Պանացեա և Հիգիեա:
Պանացեան զբաղվել է հիվանդությունների բուժմամբ, իսկ Հիգիեան` հիվանդությունների կանխարգելմամբ: Այսպես, ի պատիվ Հիգիեայի, բժշկության այն բաժինը, որն զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, անվանվել է հիգիենա: Հիգիենան գիտություն է, որն ուսումնասիրում է արտաքին միջավայրի պայմանների ազդեցությունը մարդու առողջության վրա և այդ ուսումնասիրություններից ելնելով` միջոցառումներ ու կանոններ մշակում մարդու առողջությունը պահպանելու, հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու համար:
Բերանի խոռոչի հիգիենա
Հետևիր բերանիդ խոռոչի մաքրությանը. հիվանդությունները նրա միջով են մտնում օրգանիզմ; Խելացի, մաքրասեր, իր առողջությանը հետևող մարդու կերպարին անհարիր է կեղտոտ, փչացած ատամներով, բորբոքված լնդերով, տհաճ հոտով բերանի առկայությունը: Բերանի խոռոչը համարվում է օրգանիզմի «մուտքի գլխավոր դարպասը», որտեղից սկսվում է օրգանիզմի գոյությունը, կենսագործունեությունը, աճը ապահովող սննդանյութերի մարսողությունը: