Չնայած այսօր դասերի վերջին օրն էր, բայց կրթահամալիրում տիրում էր աշխատանքային և հյուրընկալ մթնոլորտ: Մեկը մյուսի հետևից ընդունում և ճանապարհում էինք հյուրերի:
Ժամը 12.00-ին հյուրընկալեցինք ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանին: Նա եկել էր ծանոթանալու «Սեբաստիա» մարզահամալիրի նախագծին: Նրան դիմավորեցինք գլխավոր մուտքի մոտ ու միասին շրջեցինք Մայր դպրոցով: Քանի որ մարզահամալիրի նախագիծն էին քննարկում, տիար Բլեյանը որոշեց հյուրին ուղեկցել դպրոցի տանիք` այնտեղից ավելի պարզ տեսնելու և պատկերացնելու նախագծի ծավալներն ու հնարավորությունները: Պարոն Էնֆիաջյանը շատ տպավորված էր և Info.mskh-ի հերթապահ լրագրողի հարցին ի պատասխան` վստահեցրեց, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես նախագծված է: Երկու կողմերն էլ գոհ էին այցի արդյունքներից:
Դեռ չէինք հասցրել ճանապարհել ԱԺ պատգամավորին, երբ իմացանք, որ մեզ են այցելել Շվեյցարիայում հիմնված «Իզմիրլյան հիմնադրամի» հայաստանյան ներկայացուցիչները մեկ այլ նպատակով: Նրանց հայտնի էր դարձել, որ մեր կրթահամալիրում արդեն կես տարի հաջողությամբ կիրառվում է «Անհատական նոթբուք-դասընկեր» ծրագիրը: Եկել էին արդյունքները տեսնելու և համագործակցելու` այս ծրագիրը այլ դպրոցներում կիրառելու համար: Նրանք հաճելի զարմանքով էին շրջում երեխաների սեղանների կողքով ու անկեղծ ժպտում էին` անակնկալի եկած:
Բայց ծրագրի արդյունքներից տպավորությունները դեռ վերջը չէին: Նրանց հետ եկած ամերիկացի հյուրը չէր կարողանում հայացքը կտրել կրթահամալիրցիների շուրջպարից, որը շարունակ պտտվում էր ու պտտվում... ու թվում է` վերջ չուներ: