Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) աշխատողին (այսուհետ` աշխատող) աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ է մինչև ամսվա 5-ը կրթահամալիրի տնօրենի գրասենյակ ներկայացնել.
աշխատողների աշխատաժամանակի հաշվառման թերթիկ (ներկայացնում է մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը),
ուսուցողական ծրագրի ուսումնական լրավճարի հավաքագրման թերթիկն ըստ դասարանների (ներկայացնում են դպրոցների, քոլեջի ղեկավարները, գրասենյակների ղեկավարները և հաշվապահը),
ուսուցողական ծրագրի ղեկավարի բացատրությունը (միջնորդությունը) տվյալ ամսում պայմանագրային պարտավորությունները չկատարած սովորողների (ծնողների) վերաբերյալ,
աշխատողներին լրավճար, հավելավճար նշանակելու՝ դպրոցի, քոլեջի, մանկավարժության կենտրոնի ղեկավարի հայտերը: Ուսումական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարները լրավճար, հավելավճար նշանակելու առաջարկություն ներկայացնում են մանկավարժության կենտրոնի ղեկավարի միջոցով։
Աշխատաժամանակի նորմալ տևողության սահմաններում կատարած լրացուցիչ աշխատանքի կամ ստեղծած շահույթի (եկամուտ) համար վճարումը (այսուհետ` լրավճար)` սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով (հոդված 178) և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (կետ 6.1):
Լրավճարի ֆոնդի միջոցների չափը ամրագրվում է նախահաշվով: Լրավճարները տրամադրվում են.
ուսուցողական ծրագրերի բովանդակությամբ որոշված աշխատանքների համար` ուսուցողական ծրագրերի նպատակային հատկացումներից.
«Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական աջակցությամբ իրականացվող ծրագրին մասնակցելու համար` ծրագերի ծախսերի նախահաշիվներում նախատեսված միջոցներից.
լրացուցիչ կրթության կազմակերպման աշխատանքներին մասնակցելու համար` լրացուցիչ կրթության մուտքերից գոյացած միջոցներից.
ուսումնական հաստատության պահպանման, ընթացիկ շահագործման և միջավայրի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար, ծրագրի ծախսերի՝ նախահաշվով որոշված միջոցներից.
սահմանված աշխատաժամանակի ընթացքում աշխատողի մատուցած ծառայության և կատարած աշխատանքի համար՝ գոյացած եկամուտի 50% -ի չափով:
Աշխատողների հավելավճարի ֆոնդը գոյանում է մասնաճյուղի, ծրագրի հավաքած ուսումնական լրավճարներից, սահմանված կարգով ծրագրին կատարած այլ (ոչ պետական), նպատակային հատկացումներից, սովորողի և դասավանդողի հիմնական աշխատաժամանակում մատուցվող ապրանքների և ծառայությունների իրացումից ստացվող միջոցներից: Հավելավճարի ֆոնդի միջոցների չափը ամրագրվում է ըստ կառուցվածքային ստորաբաժանման, յուրաքանչյուր հաջորդ ամսվա 1-ի դրությամբ` տվյալ ստորաբաժանմանը կցված աշխատողների պաշտոնային դրույքաչափի և ֆոնդին անհրաժեշտ մուծումներից հետո:
Ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշները հաստատվում են կրթահամալիրի խորհրդի կողմից:
Աշխատողի լրավճարի չափը նշանակում է կրթահամալիրի տնօրենը՝ կրթահամալիրում պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի, կրթական ծրագրերի և այլ ծրագրերի ղեկավարների սահմանած կարգով ներկայացրած վճարագրերով` ծրագրի տարեկան ծախսերի նախահաշվով որոշված աշխատանքների համար:
Մինչև ընթացիկ ամսվա 8-ը տնօրենը հաշվապահություն է ներկայացնում աշխատողների աշխատավարձի կառուցվածքի թերթիկը: Հաշվապահությունն ըստ այդ թերթիկի 3 օրվա ընթացքում հաշվարկում է յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը։ Եթե ամսվա 5-ը կիրակի է, նշված ժամկետները մեկ օրով հետաձգվում են։
Կրթահամալիրի աշխատողի պարգևատրումը կատարվում է սահմանված կարգով, կրթահամալիրի տնօրենի հրամանով, նախահաշվով որոշված՝ պարգևատրման ֆոնդի միջոցներից։