Նունե Մովսիսյանի բլոգից․
Փետրվարի 9-ին ծնվել է Տերյանը, իմ Տերյանը…
Ու, եթե Թումանյանն ինձ գրավում է իր իմաստնությամբ, աշխարհին ու մարդկանց նայելու իր արև-հայացքով, Չարենցը՝ իր ըմբոստ ու կրակոտ ոգով, ապա Տերյանը՝ իր խաղաղությամբ: Զարմանալի ներդաշնակ ու նրբակերտ, բարձրաշխարհիկ-ազնվական, հուզիչ-արժանապատիվ բան կա Վահան Տերյանի պոեզիայում, որ բառերով չես նկարագրի…
Վահան Տերյանն անկրկնելի է իր ստեղծած պոեզիայով` գույնով, ռիթմով, մեղեդիով, լեզվի նրբակերտությամբ և հոգուն հասնող-վեհացնող հույզերով: Տերյանը հետաքրքիր է նաև որպես թարգմանիչ: Հատկապես հավանում եմ Տերյանի` ֆրանսերենից արված թարգմանությունները: Խնդրեմ` Շառլ Բոդլեր «Արբեք»:
Տերյանն ազնիվ-շիտակ է թե´ որպես քաղաքացի, թե´ որպես հասարակական գործիչ: Նրա, որպես պետական գործչի` խոհերը, մտահոգությունները, պատկերացումները և Հայաստանի` վաղվա օրվա տեսլականն ամփափված է 1914 թ. գրված «Հոգևոր Հայաստան» հոդվածում: Սա մի պետականաստեղծ ծրագիր է, յուրօրինակ ուղենիշ և ուղեցույց:
Եկեք միասին ուղղակի մի քանի հատված կարդանք այդ հոդվածից: «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»:
«Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում: Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու: Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են»:
«Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել:Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել: Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար…»:
Եվ վերջում` «Դուք երևակայել չէք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»:
Ամբողջականը՝ բլոգում։