• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խելացի լինելու ճոխությունը

Կոնստանտին Շերեմետև
Խելացի լինելու ճոխությունը

Երբ դեռ բուհ-ում դոցենտ էի և հեղինակային «Ինտելեկտիկա» դասընթացն էի վարում, ինձ հաճախ հարցնում էին՝ ինչի մասին է այդ դասընթացը։ Հենց ասում էի՝ ինտելեկտի աշխատանքի ու զարգացման մասին, լսում էի.
-Դե, ինձ դա պետք չէ։ Ես առանց այդ էլ խելոք եմ։
Այո, իսկապես, շատ մարդիկ կարծում են, թե իրենք օձի պես իմաստուն են։ Այդպե՞ս է արդյոք։

Արդյո՞ք դուք լավ աշխատող եք։

Բոլորն իրենց հիշողությունից են գանգատվում,
բայց ոչ ոք չի գանգատվում իր խելքից։
Լառոշֆուկո

Ձեր խելքի մակարդակը կարող եք չափել թեկուզ մի հասարակ փոքրիկ թեստով՝ «Դուք լա՞վ աշխատող եք»։ Որպես կանոն, բոլորն իրենց լավ աշխատող են համարում, բայց ամեն մի գործատու գիտի, որ լավ աշխատողը արտակարգ հազվագյուտ բան է։

Եվ այսպես՝ թեստը։

Եթե դուք վաղուց աշխատում եք նույն տեղում, Ձեզ գովում է ձեր ղեկավարը, նույնիսկ երբեմն պարգևատրում է, Դուք… միջակ աշխատող եք։

Եթե Ձեր սեփական նախագիծն եք վարում, և ղեկավարը գործնականում չի խառնվում Ձեր գործերին, ուրեմն միջինից բարձր աշխատող եք։

Եվ միայն, եթե ունեք վերը նշված ամեն ինչը, դրան էլ ավելացրած անընդհատ ուրիշ աշխատանքի անցնելու առաջարկներ եք ստանում, միայն դա կնշանակի, որ դուք լավ աշխատող եք։

Բայց հերի՞ք է այսքանը, որ Ձեզ խելոք մարդ համարեք։ Ոչ, հերիք չէ։ Դուք խելացի եք այն դեպքում միայն, եթե սիրում եք Ձեր աշխատանքը և ամեն առավոտ ուրախանում եք, որ գործի եք գնում։
Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է ավելի խելացի դառնալ։

Ինտելեկտի ուժը

Մի մարդը՝ մի բանականությունը,
որ պատշաճ պատրաստականություն ունի
իր ձեռնարկության համար, մի ամբողջ զորք արժե
և աշխատում է անսովոր հաջողությամբ։
Պոլիբիուս

Ձեր կյանքն այնքանով է լավը, որքանով զարգացած է ձեր միտքը։ Որքան պարզ, հաճելի ու ուրախ է ստացվում ապրելը, այնքան դուք խելոք եք։ Եվ հակառակը՝ եթե ձեր կյանքը դժվար է, ծանր ու խառը, ուրեմն դուք բավարար չափով խելացի չեք։ Որպեսզի թոթափեք դառն ապրումները, նևրոզներն ու դեպրեսիաները, պիտի խելք հավաքեք։
Եվ եթե ամեն օր մտածեք, թե ինչպես ձեր և ձեր հարազատների կյանքը ավելի ուրախ ու երջանիկ դարձնեք, կսկսեք դառնալ ավելի խելացի։
Ուրեմն՝ ո՞ր ուղղությամբ զարգացնենք հաջողակ մարդու խելքը։
Եթե արդեն հասել եք մեծ արդյունքների, մտածեք՝ ինչպես  ազատեք խելքը սովորականությունից և կրկնվող գործողություններից և, ձեր արդյունավետությունը չիջեցնելով, հայտնաբերեք ձեր մեջ նոր, բարձրագույն ընդունակություններ։ Բացահայտեք ձեր մեջ ուժի աղբյուրներ, որոնք թույլ կտան դուրս գալու կյանքի միանգամայն այլ մակարդակ։

Եվ այն, ինչին առաջ հասնում էիք մեծ ջանքերի գնով, կստանաք հեշտ ու հաճելիորեն։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը