Սիրո 8-րդ հառաչը
(մեթոդական նամակ ինքս ինձ)
Սիրո ուժը
- Ես քեզ սիրում եմ, - ասաց վարդն ավանակին, ու նա գեղգեղաց սոխակի նման, և նույնիսկ ականջները փոքրացան:
- Իսկ ես ավելի ուժեղ եմ, - ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, ձնաքարով հարվածեց սիրելի աշակերտի աչքատակին, համագործակցող հայացքը մխրճեց տխուր ժպտացող, միայնակ դեռահասի հոգու մեջ և գնաց իր ճանապարհով:
Սիրո թուլությունը
Բրուտոսը դաշունահարեց Կեսարին ու մրմնջաց. «Գաղափարն ավելի ուժեղ է»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, միտքը հանդիպեցրեց տխուր ժպտացող, միայնակ դեռահասի հոգու ավերակների սամումի հետ, և գնաց իր ճանապարհով:
Սիրո նվիրվածությունը
Ուժեղ թիթեռը նետվեց մարող կրակի մեջ և նրա թևերի վերջին սյուքը գրակախառնվեց արշալույսվող արփու կանաչ ճառագայթի հետ: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, համարձակ քայլերով մոտեցավ տխուր ժպտացող, միայնակ դեռահասին, արևային հայացք նվիրեց նրա աղջամուղջվող աչքերին և գնաց իր ճանապարհով:
Սիրո ապերախտությունը
Թութանաթոնը, ով արդեն Թութանհամոն էր, ավազին հավասարեցրեց Ախետատոնը և երրորդեց. «Միևնույն է, ես քեզ սիրում եմ»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, քմծիծաղով չափեց տխուր ժպտացող, միայնակ դեռահասի հոգու անդունդը և գնաց իր ճանապարհով:
Սիրո գեղեցկությունը
Արարիչը նայեց ճախրող արծվազույգին և ամպարևեց. «Ինչու՞ ավելի շուտ չտեսա գեղեցկությունը»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, բարևեց տխուր ժպտացող, միայնակ դեռահասի աչքերում ծվարած լուսաստղին և գնաց իր ճանապարհով:
Սիրո տգեղությունը
Մեծն Ալեքսանդրը մոլեգին հայացքով շրջափակեց այրվող Պերսեպոլիսը և մռնչաց. «Թաիսա´, միթե՞ այսքան տգեղ է սերը»: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, տխուր ժպտացող, միայնակ դեռահասի աչքերի անկյուններում նկատեց սիրուց մոլեգնող հրեշի հասունացումը և գնաց իր ճանապարհով:
Սիրո ուրախությունը
Վերադառնում է Տիեզերական Գարունը և ցնծում է Աշխարհն Արորդյաց, երկրպագում Արարչին ու վերականգնում համագործակցութունը Հայոց 8 Աստվածների հետ: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, վիրակապեց սիրելի աշակերտի աչքն ու տխուր ժպտացող, միայնակ աշակերտի հոգին և գնաց իր ճանապարհով:
Սիրո հառաչը
Վերադառնում է Տիեզերական Գարունը և հառաչում է Աշխարհն Արորդյաց, կարոտում կորած դարերին ու վերականգնում համագործակցութունը Հայոց 8 Աստվածների հետ: «Իսկ ես ավելի ուժեղ եմ». ասաց երկրորդ եսս, դուրս եկավ շենքից, զննեց արյունոտ վիրակապերը, տեղափոխեց նրանց և վերադարձավ երկմիասնության ճանապարհով:
12.02.2012 © Աշոտ Տիգրանյան