• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարոյր Սեւակը Կոմիտասի Մասին

Մեր երաժշտական լեզուի համար Կոմիտասն արեց նոյնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խօսակցական լեզուի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպէս որ երաժշտութիւնն էլ` Կոմիտասից առաջ: Բայց ինչպէս Մաշտոցը գտաւ մեր լեզուի բաղադրիչները, նրա հնչիւնակազմը եւ դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպէս էլ Կոմիտասը գտաւ մեր երաժշտութեան հնչիւնակազմը մէկ այլ իւրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գիւտ էր, իսկ գիւտը փոքր չի լինում:

****
Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է` նայելով իր այն զաւակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարուել ըստ նրա հաւաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց` ի մի հաւաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստութիւնը, բայց հէնց որ ծնեց, ինքը` ժողովուրդն էլ լուսաւորւում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ` ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլեւ նրանք են ժողովուրդ վերածնում:

Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, եւ նրա պարգեւած լոյսը դեռ երկար պիտի անդրադառնայ պարգեւողի դէմքին եւ արտացոլուի նրա հոգու մէջ:

****
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու` մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե’ւ ակօսն ու խորունկ առն ես,
Ե’ւ մատնընտիր սերմը նրա,
Ե’ւ խոստումը գալիք բերքի…
Ե’ւ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր`
Շտկուել է եւ բար տուել…
Ու… մեր տարտը իրար տուել…
Ե’ւ հայրենի այն ծիծառը,
Որ յաւիտեան բոյն է դրել
Մեր հոգու մէջ,
Մեր կիսաւէր ու դեռ կանգուն տաճարների
Ու մեր երկնի գմբէթի տակ…
Դու` մեր տաւիղ,
Եւ քո լարը
Մինչեւ անգամ եւ հատուելիս
Հայերէն է նորից ճնգում:
Դու` մեր սրտի ձայնալարը,
Մինչեւ անգամ վհատուելիս
Հայերէն ես դարձեալ տնքում…
Դու ես քարը
Եւ սրբատաշ մեր պատշարը,
Հացը օրուայ
Եւ նեղ ժամի մեր պաշարը,
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործուած մեր նշխարը
Եւ մեր ճարը`
Օտարամուտ աղտի դիմաց.
Խնկածաւալ մեր տաճարը`
Օտարահոտ ախտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը`
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահաւաք մեր հանճարը`
Ազգասըփիւռ բախտի դիմաց.
Դու մեր հաստատ Մասիս սարը`
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բիւրակեան ակունքն ես մեր,
Մեր արնոտուած հաւքի լեզուն,
Մեր կարօտած ֆիտան եարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա’զը-նոտա’ն-ձայնատա’ռը,
Ձայնասըփիւռը կենդանի
Ու ձայների թանգարանը -
Մեր հայկական երգարանը…