Ավագ դպրոցի շրջանավարտները այցելեցին Գեղարվեստի՝ թաղամասի փոշուց, ասֆալտից կտրված, աղմուկից հեռու, կանաչի մեջ թաղված դպրոց: Մուտքի մոտ մեզ դիմավորեցին և ուղեկցեցին սովորողները և տիկին Սոֆյան: Ամեն մեկն իր գործով էր զբաղված, ու մեր այցը մի տեսակ սովորական էր նրանց համար. սովորել են հյուրեր ընդունելուն: Ներկա եղանք շրջանավարտների պարի դասին, պարեցինք միասին: Մի խումբ ընկեր Քնարիկի հետ «Կյանք» ֆլեշ մոբի նախապատրաստական աշխատանքներով էր զբաղված: «Կենսամշակութային Շուշի» նախագծի շրջանակներում աշխատանքը պիտի ներկայացնեն Շուշիում՝ ավերակների վրա: Վայրի աղջիկը նկարում էր ինքնանկար «Էլիզա», իսկ քանդակի սենյակում Կենաց-ծառի աշխատանքներն էին ընթանում, որոնք սկսվել են մեր վրացի բարեկամների հետ:
Մայր դպրոցի շրջակայքում էլ ասֆալտազերծման աշխատանքները թափով շարունակվում են և անպայման կտան ցանկալի արդյունք: Ու երբ հերթական անգամ այցի գանք, վստահ եմ, մեր շենքն էլ կտեսնենք թաղված կանաչների մեջ: