• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալ եմ հրաշալի օրվա համար

Երեկ տիկին Մարիի նախաձեռնությամբ ընթերցավարները և մի մեծ խումբ սովորողներ այցելել էին Աշտարակի Պռոշյանի անվան դպրոց: Ծրագրում նախատեսված էր նաև այցելություն Պռոշյանի տուն-թանգարան: 
Մինչ թանգարան այցելելը հրաշալի օր էինք անցկացրել` տպավորություններով և հաճելի պահերով հագեցած, բայց ամեն ինչ սովորական էր ու պարզ: ՀԵՏՈ… 

Նստած ենք թանգարանի պարտեզում: Ավագ դպրոցի ընթերցավար Վանուհին խնդրեց, որ սովորողներին հավաքենք, որովհետև մեզ համար փոքրիկ ներկայացում է նախապատրաստվում: Մինչ այդ բակում տեսել էի տարազով շրջող մարդկանց ու ենթադրեցի, թե ինչ բեմադրություն պետք է սպասել: Անկեղծ ասած, չոգևորվեցի ու այդպես էլ իմիջիայլոց նստել էի, երբ հայտնվեց ազգային հագուստներով մի փոքրիկ խումբ ու սկսեց երգել,պատմել մեր ազգային ծեսերի, սովորությունների մասին: Հետո մեկը մյուսին հաջորդեցին աշխատանքային ծեսերը` իրենց երգով, պարով, հետո խաղերը, հետո ամեն ինչ միաձուլվեց աշնան բնությանը, պարտեզը, մարդիկ, երաժշտությունը, ծառերի բազմագույն տերևները խառնվեցին իրար: Շուրջս միայն գույն էր, չէ գույն չէր. երանգ էր, որովհետև գույնը հստակ է լինում: Հետո ես մի պահ մոռացա` որտեղ եմ, ու աննկարագրել թեթևություն ու հրճվանք պարուրեց ինձ: Եզակի ու անմոռաց պահ էր. առաջին անգամ կյանքում հասկացա, որ պարզունակ երգի, սովորական բառերի մեջ կարող է ամփոփվել անսովոր, շատ կարևոր ու նաև անբացատրելի մի բան: Չգիտեմ, գուցե նույնը օտարերկրացին չզգա, գուցե հայ լինելն է կարևոր, բայց այգու քարե նստարանին նստած` առանց հատուկ որևէ բան անելու ես հանկարծ դարձա երջանիկ…

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հասու դարձրին ինձ այս պարզ ճշմարտությանը:

Տեսանյութերը` այստեղ